Արմինֆո. "Շուշիի հռչակագրի" շնորհիվ բարեկամ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մակարդակը բարրձրացել է ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։ Այդ մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ընդ որում, նա արձանագրել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ապագան ու ճակատագիրը սերտորեն կապված են։ Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո, որը "վերջակետ դրեց երկարամյա ղարաբաղյան հակամարտությանը", Հարավային Կովկասը բախվել է նոր իրողությունների, ճանապարհ է բացվել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության համար: "Հայաստանը պետք է օգտվի շանսից եւ վերանայի իր դիրքերը։ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները փետրվարի 24-ին կհանդիպեն Վիեննայում: Հանդիպման վայրն առաջարկել է Հայաստանը, և մենք դեմ չենք արտահայտվել։ Թուրքիան յուրաքանչյուր փուլում Հայաստանի վերաբերյալ քայլերը քննարկում է Բաքվի հետ։ Ադրբեջանը նաեւ հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք։ Ընդ որում, գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը", - ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: "Դրական եւ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները նախնական կարծիքներ են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները առանց նախապայմանների ՝ լիարժեք կարգավորման նպատակով", - ասվում էր հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարություններում։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021թ. դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի վերաբերյալ: