Արմինֆո.Կառավարությունը փետրվարի 10-ի նիստում հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
Հիմնավորման համաձայն՝ ներկայում շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) կանոնակարգումն է, շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման և համապատասխանության գնահատման նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումն է, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը: Ըստ այդմ՝ ՀՀ-ում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառքի կետերում ևս կարգելվի:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Քանի որ թեման շատ կարևոր է, նախ եկեք արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է սպասվում առաջիկայում: Նախ՝ հունվարի 1-ից մենք արգելել ենք առևտրի կետերում, խանութներում ծխախոտի, ծխախոտային արտադրանքի ցուցադրությունը, գովազդը: Ընդհանրապես՝ ծխախոտի գովազդ մարդիկ չպետք է տեսնեն առևտրի կետերում և հանրային վայրերում: Մենք համոզվա՞ծ ենք, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո, իրականացվում է: Պարոն Ասոյան, ի՞նչ տեղեկություններ ունեք սրա հետ կապված»:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ գործընթացն իրականացվում է ամբողջ ծավալով. «Գրեթե տեղեր չկան, որտեղ ցուցադրվի կամ ակնհայտ վաճառք տեղի ունենա: Սկզբնական փուլում, երբ օրենքը նոր էր մտել ուժի մեջ, ունեինք թեժ գծերով ստացվող որոշ ահազանգեր: Այդ ուղղությամբ վարչական վարույթներ ենք հարուցել, պատասխանատվության միջոցները կիրառման փուլում են դեռևս, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, լիովին ապահովված է հանձնարարականի կատարումը և օրենքի պահանջը: Նաև հատուկ նշեմ, որ բարձր տուգանքներ են նախատեսված խախտումների համար, որոնք վերաբերում են ցուցադրումից սկսած մինչև տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Եվ դա իր զսպող ազդեցությունը միանշանակ ունենալու է: Երեք տեսչական մարմիններ են ներգրավված գործընթացի վերահսկման աշխատանքներում, նաև ոստիկանությունը որոշ գործառույթներ ունի»:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ բոլոր այդ տիպի նորարարական փոխարինիչների համար հարկային կարգավորումներ պետք է լինեն: «Սովորական ծխախոտի արտադրանքը ակցիզով հարկում ենք, բայց երբ ի հայտ են գալիս հեղուկով և նման եղանակներով ծխախոտի փոխարինող գործիքներ, վերջիններս նաև թեթև հարկված լինելու պատճառով հայտնվում են արտոնյալ գրավիչ պայմաններում: Մենք արդեն իսկ Էկոնոմիկայի նախարարության, ՊԵԿ-ի հետ միասին օրենքի նախագիծ ենք շրջանառում և շուտով կներկայացնենք նաև հարկային մասով լրացվող առաջարկություն»,-ասել է նախարարը:
Վարչապետն ընդգծել է բոլոր այս կարգավորումների նպատակը հանրային առողջության պահպանությունն է. «Շատ կարևոր է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերում և այս ճանապարհով գնում ենք առաջ: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ մենք հավասարեցրել ենք Հայաստանի Հանրապետությունում և՛ ավանդական ծխախոտը, և՛ ծխախոտային փախարինող արտադրանքները: Եվ, այո, շատ կարևոր է նաև, որ հարկային կարգավորումներով կարգավորենք այնպես, որ դրանք նույնպես պատշաճ հարկային դաշտում լինեն և պատշաճ ձևով հարկվեն: Եվ սրա ամենակարևոր նպատակը մեր հանրային առողջության պահպանությունն է»