
Պետք չէ
քաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը, որի կատարման համար կասկածվում է
ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը: Sputnik ռադիոկայանի
եթերից այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Դեսպանատան աշխատակիցները ցնցված են Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ: Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Այս սարսափելի հանցագործության կատարողները պետք է խստագույնս պատժվեն: Ներկայում Հայաստանի եւ Ռուսաստանի իրավասու մարմիններն իրականացնում են անհրաժեշտ քննչական ընթացակարգեր, որոնց նպատակն օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննություն անցկանացնելն է: Քննչական խմբերն իրենց ջանքերը համակարգում են հանրապետության տարածքում 102-րդ ռազմակայանի տեղակայման
պայմանների շուրջ համաձայնագրին
լիովին համապատասխան», -նշել է նա:
Դեսպանի ասելով, ինքը հասկանում և կիսում է մարդկանց հույզերը, որովհետեւ կատարվել է վայրագ
հանցագործություն, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: «Մարդիկ, անշուշտ, իրավունք ունեն
գալ այստեղ, հայտնել իրենց կարծիքը, իրենց հույզերը: Բայց ես կարծում եմ, որ այս հարցը չպետք է քաղաքականացնել», - նշել է Վոլինկինը:
Ընդ որում դեսպանը համոզված է, որ հանցագործության համար մեղավորը կկրի իր պատիժը:
«Հանցավորությունն ազգություն չունի, հատկապես` այս դեպքում: Մենք չպետք է սրանից քաղաքական կրակ բորբոքենք: Ես կարծում եմ, որ քննությունը կբացահայտի այս գործի բոլոր մանրամասները, եւ հանցագործը համարժեք պատիժ կստանա», -
եզրափակել է դեսպանը:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Սպանդի համար կասկածվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որն այս պահին գտնվում է 102-րդ ռազմակայանում: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը
հաղորդեց, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Սակայն
102-րդ ռազմակայանի մերձակայքում բազմահազարանոց բողոքի գործողության մեկնարկից և
ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գևորգ
Կոստանյանը հայտարարեց, որ Պերմյակովը պատասխանատվություն կկրի օրենքի ողջ
խստությամբ` Հայաստանի տարածքում, որի քաղաքացիները հնարավորություն կունենան
հետևել ողջ գործընթացին: