Արմինֆո. Ռուսաստանի խորացող մեկուսացումը, որը պայմանավորված է նաև Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամով, արդեն իսկ խնդիրներ է ստեղծում և ապագայում նոր խնդիրներ կստեղծի Ադրբեջանի համար։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
"ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն ու ճնշումները գնալով ուժեղանում են։ Ինչի լույսի ներքո Ադրբեջանը ու, նաեւ, Թուրքիան արդեն այսօր հայտնվել են բավական բարդ քաղաքական իրավիճակում։ Եվ, իհարկե, փորձում են մանևրել և դուրս գալ նոր, ավելի բարենպաստ դիրքեր։ Առաջին հերթին, Մոսկվայի հետ սեփական, հավաքական Արևմուտքի աչքերում խիստ կասկածելի, գործընկերային հարաբերությունների ֆոնին։ Եվ Ադրբեջանի ու ԵՄ միջեւ "գազային գործարքը" դրա վառ հաստատումն է", - ընդգծել է նա։
Հունվարի վերջին SOCAR-ը պաշտոնապես հաղորդել էր"Հարավային գազային միջանցքի խողովակաշարերով դեպի Եվրոպա գազի մատակարարումների ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրման մասին": Արդեն փետրվարի 4-ին ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը Twitter-ում հաղորդել էր, որ Բրյուսելի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպա գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ: Դրանից հետո շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանին "Հարավային գազային միջանցքով ԵՄ գազի մատակարարումներն ավելացնելու ջանքերի համար":
Ներկա իրավիճակը գնահատելով որպես Մոսկվայի հետ Բաքվի "առանձնահատուկ հարաբերություններում" ճեղքերի վկայություն՝ Խզմալյանը հիշեցրել է, որ ինքն ու իր կուսակցությունը զգուշացրել են նման հնարավորության մասին՝ կոչ անելով պատրաստ լինել նման իրավիճակի։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի առաջադիմող միջազգային մեկուսացումը սպառնալիք է ստեղծում արդեն անձամբ Ալիևի համար։ Ինչը դրսևորվում է, այդ թվում, Ադրբեջանի դեմ եվրոպական և ամերիկյան դատարաններում հարուցված կոռուպցիոն բաղադրիչով քրեական գործերի տեսքով։
Եվրոպայի հետ Ալիեւի "գազային բանակցությունները" Խզմալյանը համարում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ ռուս-ադրբեջանական գործընկերության շուրջ ստեղծված իրավիճակի արտացոլում: Նրա գնահատականներով՝ այդպիսով Ալիևը փորձում է պայմանավորվել Արևմուտքի հետ և գոնե մեղմացնել ճնշումն իր նկատմամբ։ Քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր լծակ գտնելու Բաքվի փորձերը հակառակ կողմն ունեն Ադրբեջանի համար՝ եվրոպացիների ձեռքում իր նկատմամբ ճնշման նման նորլծակի ի հայտ գալու տեսքով:
"Չեմ կարծում, որ ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններում տեղի ունեցողը ամենաթողության եւ Ալիևին քաղաքական ինդուլգենցիայի տրամադրման վկայություն է։ Ադրբեջանի բռնապետի վրա ազդեցության նոր տնտեսական լծակները թույլ կտան անհրաժեշտության դեպքում էլ ավելի ուժեղացնել ճնշումը նրա նկատմամբ։ Առկա իրավիճակում Ալիևը, պարզապես, ստիպված է դեմքով շրջվել դեպի Արևմուտք։ Իսկ Հայաստանը պետք է փորձի ամեն ինչ անել՝ Ալիևի նկատմամբ Եվրոպայի տնտեսական լծակները մեր քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Դա աշխատանք է պահանջում, և մենք հույս ունենք, որ մեր կուսակցության այս աշխատանքը շատ շուտով կընդգրկի նաև մեր խորհրդարանը։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների առաջին արդյունքները մենք արդեն տեսնում ենք: Ես չեմ կարծում, թե "գազային գործարքը" եւ Ֆրանսիայի եւ Եվրախորհրդի նախագահների նախաձեռնությամբ մեր գերիներին հայրենիք վերադարձը պարզ զուգադիպություն է", - ամփոփել է քաղաքական գործիչը։