


Այսօր` հունվարի 14-ին, ՀՀ
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ
պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ՊՆ
մամուլի ծառայությունից, հանդիպման
ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ
պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության
աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են:
Բանակի
գեներալ Ա.Բախինը հայտնել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն ՀՀ և ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները:
Նշենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Դեպքի վայրում գտնվել են զինվորական սապոգներ, որոնց վրա գրված են եղել փախուստի դիմած զինծառայողի անունը և ազգանունը: Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև ԱԿ- 74 ինքնաձիգ, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։ Նույն օրն ուշ երեկոյան հայ-թուրքական սահմանի մերձակա Բայանդուր գյուղի մոտ ձերբակալվել է Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է գյումրեցի ընտանիքի սպանդն իրագործելու համար: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Հայկական կողմը խոստանում է հետևողական լինել, որպեսզի հանցագործը պատասխանատվության ենթարկվի օրենքի ողջ խստությամբ:



