Արմինֆո.Արցախի (երկրորդ ղարաբաղյան պատերազմի) դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մի խումբ մասնակիցներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առջև:
Ինչպես հաղորդում է Turan-ը, մարտական գործողությունների մասնակիցները դժգոհություն են հայտնել իրենց վետերանի կարգավիճակ եւ մեդալներ չտրամադրելու կապակցությամբ: "Մեզ զրկում են վետերան լինելու իրավունքից, մեզ կոչումներ, մեդալներ չեն տվել։ Մենք այդ մասին բազմիցս հայտարարել ենք գերագույն գլխավոր հրամանատարին ուղղված մեր նամակներում։ Մեր նամակները ուղարկել ենք պաշտպանության նախարարություն, որտեղից եկել է շաբլոնային պատասխան", - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Ցուցարարների խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ-ն մերժումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ նրանք ռազմական մարտական գործողությունների գոտի են ուղարկվել 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմի ավարտից հետո:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց տարել են զորակոչով, եւ իրենք ծառայել են 2020 թվականի դեկտեմբերից ականապատ տարածքներում, "բախվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի" եւ զորացրվել են 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Նման զինվորականները, ցուցարարների խոսքով, մոտ 3 հազար են։ Նախագահի աշխատակազմից մեկնաբանություններ ստանալ նրանց չի հաջողվել։
Հիշեցնենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա էին սկսել Արցախի դեմ՝ Թուրքիայի աջակցությամբ և Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավմամբ ։ Մարտական գործողությունները տևել են 44 օր և ավարտվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև տխրահռչակ եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Արցախն այդ պայմանավորվածության արդյունքում կորցրել է իր տարածքների 75% - ը։ Հարյուրավոր հայեր շարունակում են գտնվել ադրբեջանական գերության մեջ։