Արմինֆո.Ադրբեջանից Հայաստան Հորադիզ-Մեղրի-Ջուլֆա-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերագործարկումը խոչընդոտ չի հանդիսանա "Պարսից ծոց-Սև ծով" մուլտիմոդալ փոխադրամիջանցքի նախագծի իրականացման։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
2016 թվականից սկսած՝ Իրանի նախաձեռնությամբ տարածաշրջանի երկրները քննարկում են "Պարսից ծոց - Սև ծով" փոխադրամիջանցքի ստեղծման հեռանկարը։ Վերջին հինգ տարիներին այդ նախաձեռնության քննարկումների շրջանակներում անցկացվել է աշխատանքային խմբերի հինգ հանդիպում, երկուսը՝ Թեհրանում, ինչպես նաեւ՝ Սոֆիայում, Թբիլիսիում եւ Երեւանում:
"Ես չեմ կարծում, որ այդ երկաթուղու ռեինկարնացիան կհանգեցնի մուլտիմոդալ փոխադրամիջանցքի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզից Նախիջեւան փոխելու որոշման կայացման Թեհրանում։ Իրանի Իսլամական Հանրապետությունում, անկասկած, շատ մեծ նշանակություն են տալիս Հայաստանի տարածքով "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու կառուցմանը։ Իսկ Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունը Հայաստանի տարածքով այլընտրանքային տարանցիկ ուղիների կարեւորության, "Պարսից ծոց - Սեւ ծով" փոխադրամիջանցքի կարեւորության մասին, որի մաս է կազմում "Հյուսիս-հարավ" ավտոմայրուղին, ուղերձ է Հայաստանին եւ Ադրբեջանին", - նկատել է նա:
Ըստ փորձագետի, Թեհրանի կողմից "Հյուսիս-Հարավ" նախագիծը որպես մուլտիմոդալ փոխադրամիջանցքի իրականացման կարեւոր հատված գնահատելու լույսի ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը տվյալ նախագծի իրականացման վրա չպետք է ազդի: Համապատասխանաբար, մուլտիմոդալ փոխադրամիջանցքի Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա երթուղին կմնա անփոփոխ: Իհարկե, այն դեպքում, եթե Երևանում հաշվի առնվեն Թեհրանից հնչող ցանկություններն ու ուղերձները։
Ընդհանուր առմամբ, իրանագետը հայ-իրանական համագործակցության խորացումը դիտարկում է Հայաստանի ազգային անվտանգության ապահովման կարևոր տարր։ Մասնավորապես, միջազգային ահաբեկչությանը հակազդելու բնագավառում՝ Արցախի օկուպացված տարածքներում կուտակված միջազգային ահաբեկիչների լույսի ներքո։ Այս լույսի ներքո՝ նա տեսնում է Երեւանի եւ Թեհրանի միջեւ համագործակցության զարգացման համար շատ կարեւոր հարթակ, որը, անկասկած, անհրաժեշտ է գործարկել ամբողջությամբ։
Վերադառնալով "Պարսից ծոց - Սև ծով" մուլտիմոդալ փոխադրամիջանցքին՝ Ոսկանյանն ընդգծել է, որ այդ նախագծի հայկական մասի շինարարության շուտափույթ ավարտը Սյունիքի մարզով՝ "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու տեսքով, ոչ միայն Հայաստանին կբերի շոշափելի տնտեսական շահույթներ, այլև էապես կբարձրացնի երկրի անվտանգության աստիճանը։ Այդ լույսի ներքո՝ փորձագետը Հայաստանի համար կարևորել է այս աշխարհատնտեսական նախագծի աշխարհաքաղաքական բաղադրիչը։
"Հայաստանում այսօր շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առավելությունների մասին։ Բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի խոսում այն մասին, որ տնտեսական գրավչության մասով Իրանը Թուրքիային այդ առումով բոլորովին չի զիջում։ Եվ, չգիտես ինչու, ԻԻՀ հետ բաց սահմանի առկայությունը Հայաստանը տնտեսական արտոնությունների նպատակով, գործնականում, չի օգտագործում։ Այստեղ ես կրկին պետք է ընդգծեմ Մեղրիի ազատ տնտեսական գոտու լիարժեք շահագործման կարևորությունը ոչ միայն Իրանի և Հայաստանի միջեւ հարաբերություններում, այլ նաև ԵԱՏՄ մասշտաբներում", - եզրափակել է իրանագետը։