Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ռուս զինվորականների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման գործում: "Մենք Ռուսաստանի նախագահի հետ կայացած բանակցությունների ընթացքում քննարկել ենք մի շարք այլ հարցեր։ Մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը։
Եվ ես ուզում եմ ուրախություն հայտնել, որ այսօր առավոտյան ազատ է արձակվել ութ բանտարկյալ։ Մեր ֆրանսիական ճգնաժամային կենտրոնը ինքնաթիռ է տրամադրել նրանցդ տեղափոխելու համար", - ասել Է Մակրոնը՝ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ անցած ուրբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններ է վարել տեսակապով, որտեղ, ի թիվս այլ հարցերի, արծարծվել են անհայտ կորածների, փախստականների եւ այլ հարցեր: Նրա խոսքով, վերը թվարկվածները նաեւ կայունության տարրեր են:
"Մենք Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում համատեղ տեսակետներ ենք հայտնել մի շարք հարցերի շուրջ։ Եվ ես ուզում եմ ողջունել այն դերը, որ ձեր զինվորականները խաղացել են սահմանին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարդ ժամանակաշրջանում։ Խոսել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին, որը զբաղվում է այդ հարցով և որը ներառում է և Ռուսաստանը, և Ֆրանսիան", - ասել Է Մակրոնը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում հհրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ: