Արմինֆո. Թուրքիայի հետ շարունակվող բանակցությունների գործընթացում Հայաստանը պետք է խստորեն պահպանի իր կարմիր գծերը եւ ոչ մի դեպքում դրանք չանցնի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
"Հայոց ցեղասպանությունը, դրա ճանաչումը, Արցախյան հիմնախնդիրը, Կարսի պայմանագիրը. այս բոլոր հարցերն ու խնդիրներն ամուր թելերով կապված են հայ ժողովրդի ինքնության հետ։ Ընդ որում, ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ Սփյուռքում։ Այս լույսի ներքո անհրաժեշտ եմ համարում բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հաշվի առնել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների շահերը: Կարծում եմ, որ վատ չէր լինի, որ մեր իշխանությունները Սփյուռքի հետ քննարկեին Թուրքիայի հետ բանակցային գործընթացի ընթացքը", - նշել է նա։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում: Երևանը ներկայացնում էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ները տարածել են բանակցությունների կառուցողական մթնոլորտի մասին մոտավորապես նույնանման հայտարարություններ։ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում:
Այդ ֆոնին՝ ակադեմիկոսը նշել է հանրային տարածությունում Թուրքիայի հետ բանակցային գործընթացի ընթացքի և օրակարգի մասին հավաստի տեղեկությունների բացակայությունը։ Նա նաեւ ընդգծել է, որ ոչ ինքը, ոչ էլ, որքան իրեն հայտնի է, իր գործընկերները՝ Թուրքիայի գծով մասնագետները, չեն ներգրավվել Թուրքիայի հետ բանակցությունների հարցի շուրջ ԱԳՆ ներկայացուցիչների հետ խորհրդատվություններում:
Գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը՝ թուրքագետն այն բնորոշել է որպես Հայաստանի համար բարդ: Հատկապես, Անկարայում և Բաքվում խորհրդարանների կողմից արդեն վավերացված "Շուշիի հռչակագրով" նախատեսվող Թուրքիայի հետ Ադրբեջանի ավելի սերտ ինտեգրման լույսի ներքո՝ ընդհուպ նրանց կողմից միութենական պետության կարգավիճակ ստանալը։ Ակադեմիկոսի կանխատեսմամբ՝ այդ հռչակագիրը Թուրքիային և Ադրբեջանին պանթյուրքական ճանապարհով տանող քայլ է։ Եվ այդ առումով Անկարան և Բաքուն ձգտում են օրինակ ծառայել մյուսլ թյուրքալեզու պետությունների համար։
"Շուշիի հռչակագրի" վավերացումը, ըստ էության, օրինականություն է հաղորդում Անկարայի կողմից Հայաստանի ուղղությամբ իր քայլերի արդեն իսկ առկա համաձայնեցմանը Բաքվի հետ։ Այսպիսով, մեր բանակցողները պետք է հաշվի առնեն, որ ի դեմս Թուրքիայի իրենք գործ ունեն նաև Ադրբեջանի հետ, ինչը Հայաստանի համար լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում։ Այսպես թե այնպես, թուրքերն ու ադրբեջանցիները չեն հրաժարվի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու համատեղ նպատակից։ Եվ բոլոր ուժերով կփորձեն հասնել դրան, ինչն անընդունելի է մեզ համար։ Ինչի լույսի ներքո՝ անձամբ ես Հայաստանի համար, առանձնապես, հեռանկարներ չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացում", - ամփոփել է Սաֆրաստյանը։