Արմինֆո. Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և անձամբ նրա առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ պահել Արցախի խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելուց: Դրանով իսկ՝ նրա իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանին այս հարցում կաշկանդելու նրանց որդեգրած մարտավարությունը հաջողությամբ պսակվեց։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"Ավելին, նրանց հաջողվեց հասնել Փաշինյանի անկայուն վիճակի՝ հոգեբանական առումով։ Ինչի վկայությունն են նրա բազմաթիվ պնդումներն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին իր համաձայնության դեպքում իրեն դավաճանի պիտակ կպցնեին։ Ավելին, վարչապետն ամեն ինչ արեց նման հեռանկարից խուսափելու համար։ Դրանով իսկ Փաշինյանը տեղի տվեց հոգեբանական գրոհին, որը կազմակերպել էր ՀՀԿ-ը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ նրա հնարավոր գործողությունները կաշկանդելու նպատակով", - նշել է նա։
Փաշինյանի նկատմամբ հանրապետականների նման մարտավարության նպատակը, քաղաքագետի կարծիքով, գործող վարչապետի լիակատար անօգնականության ցուցադրումն էր նրա գլխավոր արտաքին գործառույթի իրականացման՝ արցախյան կարգավորման գործընթացը վարելու հարցում։ Քանի որ արցախյան կարգավորումն առաջ մղելու անկարող Հայաստանի ղեկավարը, հայ հասարակության ընկալմամբ և տեսանկյունից, ապրիորի ի զորու չէ կառավարել պետությունը։ Ասել է թե ՝ այդ ամենն արվում էր Փաշինյանի նկատմամբ հանրային վստահությունը նվազեցնելու նպատակով։
Ըստ Ղուկասյանի՝ հենց այդ նպատակաուղղված քննադատությունից և պարտվողականության մեջ մեղադրանքներից ձերբազատվելու նպատակով Փաշինյանը ճնշված վիճակում մեկնեց Արցախ։ Ինչից հետո հազարավոր արցախցիների Ստեփանակերտի հրապարակում և ողջ աշխարհին հայտարարեց, որ Արցախը Հայաստան է։ Վերջինը, քաղաքագետի կարծիքով, միջազգային իրավունքի վերաբերյալ Փաշինյանի և նրա թիմի տարրական գիտելիքների բացակայության հետևանք էր։ Մինչդեռ, հակառակ դեպքում, հենց այդ գիտելիքներն՝ աշխարհաքաղաքական իրողությունների գիտակցման հետ միասին, կառավարող ուժին կօգնեին գնալ խաղաղ կարգավորման և տեղի չտալ ընդդիմախոսների կողմից պարտադրվող ֆոբիաներին։
"Այսպիսով, հենց Փաշինյանը, փաստորեն, ընդդիմացավ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից։ Հենց նա ընդունեց հակամարտության ռազմական կարգավորումը՝ որպես տարբերակ։ Որպես արդյունք՝ Հայաստանն ու անձամբ Փաշինյանը ամենեւին ոչինչ չարեցին վերահաս պատերազմը կանխելու համար։ Փաշինյանը չդիմեց ՄԱԿ Անվտանգության խորհրդին, ինչը նա, պարզապես, պարտավոր էր անել։ Եվ դրանով իսկ գործեց պատերազմի բոլոր նախաձեռնողների ու հետաքրքրվածների օգտին, որոնք բոլորովին չէին սահմանափակվում Ադրբեջանով ու Թուրքիայով", - ամփոփել է քաղաքագետը։