Արմինֆո. Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ հայեր են ապրում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։
"Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղում մեր ներկայության հեռանկարներն, առաջին հերթին, կախված են այդ հանրապետությունում, ըստ էության, հայ բնակչության պահպանումից։ Այս լույսի ներքո՝ ՌԴ-ի համար այսօր կարևոր է ոչ թե այն, թե ինչ են մտածում և խոսում Բաքվում, այլ այն, թե արդյոք ղարաբաղցի հայերն ուզում են մնալ և ապրել իրենց տներում։ Եվ եթե նրանք ցանկանում են շարունակել ապրել իրենց հայրենիքում, Ղարաբաղում կմնան նաև մեր խաղաղապահները։ Իսկ ստիպել նրանց հեռանալ այնտեղից՝ Բաքվին չի հաջողվի", - ընդգծել է նա։
Այս և աշխարհաքաղաքական այլ իրադարձությունների և հեռանկարների լույսի ներքո մեկնաբանելով Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական հերթական հարձակման հավանականությունը՝ փորձագետն այն գնահատել է որպես քիչ հավանական։ Վերջինը Եվսեեւը պայմանավորում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի շարունակական ամրապնդմամբ եւ հաստատմամբ: Նշելով վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցադրվող իր շահերը պաշտպանելու վճռականությունը՝ փորձագետն ընդգծել է, որ Հարավային Կովկասում նրա դաշնակիցը Երևանն է, այլ ոչ թե Բաքուն։
"Իմ կանխատեսումներով՝ Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական սադրանք չի հրահրի։ Հատկապես, այն պայմաններում, երբ Ռուսաստանի դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի կխստանա ։ Կարծում եմ, որ այս ամենը Բաքվին կանգնեցնում է արդեն այսօր։ Եվ, իհարկե, Բաքուն պետք է պատրաստվի դրան արդեն վաղը։ Ղարաբաղի կամ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման կատալիզատոր չեն դառնա նաև Դոնբասում հնարավոր ռազմական գործողությունները։ Թեկուզ, պարզապես, այն պատճառով, որ հնարավոր պատերազմի ելքն ակնհայտ է՝ դա ուկրաինական բանակի լիակատար ջախջախումն է", - կանխատեսում է նա։
Պատասխանելով Արցախի չճանաչված հանրապետության իրավական կարգավիճակի որոշման հնարավորության վերաբերյալ հարցին՝ ռուս փորձագետը կանխատեսել է տվյալ հարցի եւ, ընդհանուր առմամբ, այդ օրակարգի հետաձգում ապագային: Ըստ Եվսեևի՝ ԼՂ կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը առաջին պլան մղելու համար պետք է հասնել ՀՀ ԶՈՒ մարտունակության վերականգնման։
"Դրա համար, իրադարձությունների բարենպաստ զարգացման դեպքում, կպահանջվի մոտ 3 տարի։ Խոսքը հայկական բանակի մակարդակի մասին է, որն ի զորու լինի ապահովել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի օգտին փոխված ուժերի տարածաշրջանային հաշվեկշիռը։ Այս լույսի ներքո՝ այսօր հնարավոր է թվում միայն ԼՂ կարգավիճակի հարցի քննարկումները թողնել մինչև լավագույն ժամանակներ։ Ավելի կոնկրետ՝ մինչև ուժերի տարածաշրջանային հաշվեկշռի վերականգնումը", - ամփոփել է Եվսեևը։