Արմինֆո.Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը չի նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ փետրվարի 2-ին Երեւանում Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում, Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ որքան էլ միջազգային հանրությունը գործարկի իր ունեցած գործիքակազմը, կողմերը պետք է ունենան քաղաքական կամք։ Այս համատեքստում նա արձանագրել է, որ ամբողջ աշխարհը տեսնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու և խնդրահարույց հարցերը լուծելու Հայաստանի պատրաստակամությունն ու ցանկությունը: Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն այդ մասին ոչ միայն հրապարակավ հայտարարել է, այլև դա արտացոլված է կառավարության ծրագրում, որից հետո տեղի են ունեցել ընտրություններ, և ժողովուրդն, ըստ էության, քվեարկել է հանուն խաղաղության։ "Սակայն Բաքվից հակառակ մեսիջներ են ստացվում", - հայտարարել է Արարատ Միրզոյանը և որպես վառ օրինակ բերել Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարությունը: "Հակահայկական ագրեսիվ հռետորաբանությունն ու քայլերը սահմանին, մարդասիրական հարցերը լուծելուց հրաժարվելը, գերիներին պահելը, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը ։ Այն պայմաններում, երբ Հայաստանն իրապես շահագրգռված է և հայտարարում է խաղաղություն և կայունություն կառուցելու պատրաստակամության և ցանկության մասին, մյուս կողմից էլ պետք է լինի կառուցողական մոտեցում։ Ագրեսիվ եւ հակահայ հռետորաբանությունը դրան չի նպաստում, ընդհակառակը", - ասել է նախարարը, հավելելով, որ թեեւ եռակողմ հայտարարությամբ չէր նախատեսվում, այնուամենայնիվ, հայկական կողմը հանձնել է ականապատ տարածքների քարտեզները, քանի որ Հայաստանում չեն ցանկանում մարդկանց մահեր, եւ միակողմանիորեն գնացել են այդ քայլին։
Միրզոյանը նաև հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին իր որոշումներից մեկում Հաագայի դատարանն արձանագրել է ադրբեջանական ղեկավարության հակահայկական հռետորաբանությունը և կոչ արել, նույնիսկ, ստիպել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությանը ձեռնպահ մնալ նման հռետորաբանությունից:
Ընդ որում, պատասխանելով Ադրբեջանի հետ հաշտության համաձայնագրի ստորագրման հնարավորության եւ "կարմիր գծերի" մասին հարցին, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ պատասխաններն առավել քան ակնհայտ են: "Ես արդեն ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ միջազգային ձևաչափն է, որն օժտված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու մանդատով։ Լուծումը դեռ չի գտնվել, և այդ ձևաչափով բանակցությունները պետք է շարունակվեն։ Աշխատանքի արդյունքներից մեկը պետք է լինի համընդհանուր խաղաղ համաձայնագրի պարամետրերի հստակեցումը և, ըստ էության, դրա կնքումը", - ասել է նախարարը։
Միաժամանակ, Միրզոյանը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին, որոնցից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ "Մյուս սկզբունքը ուժի չկիրառումն է, որը, ցավոք, ինչպես տեսնում ենք, 2020 թվին կոպտորեն խախտվել է: Ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ողջ աշխարհը պետք է որոշի, թե արդյոք այդ սկզբունքը մնում է օրակարգում, թե պետությունները կարող են ուժով լուծել ժողովուրդների ճակատագրերը։ Եթե կանոնը խախտվում է ոմանց համար, ուրեմն մյուսների համար էլ նման դուռ է բացվում", - ամփոփել է Արարատ Միրզոյանը։