Արմինֆո. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է բացառապես Անկարայի կողմից Երեւանի նկատմամբ նախապայմաններից հրաժարվելու դեպքում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ ԻՄԷՄՈ-ի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։
"Առայժմ գործընթացն ընթանում է, այն սկսվել է, եւ դրա հեռանկարների առումով որոշակի լավատեսություն է նկատվում։ Ընդ որում, մենք շատ լավ հիշում ենք այն անհաջողությունը, որը գործընթացը կրեց 2009 թվականին ցյուրիխյան արձանագրությունների շրջանակներում։ Եւ Հայաստանի ու Թուրքիայի իրական հաշտեցման պատրաստակամությունը կարող է ցույց տալ, նախ եւ առաջ, դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, Հայաստանի ու Թուրքիայի տարածքով տրանսպորտային միջանցքների ու սահմանների բացումը ։ Սակայն Անկարան, դատելով ըստ ամենայնի, շարունակում է պնդել պատմական Հայաստանի տարածքները Թուրքիայի մաս ճանաչումը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը: Դրան Հայաստանի պատրաստակամության աստիճանը դեռ այնքան էլ պարզ չէ", - նկատել է թուրքագետը։
Նշելով, որ հայ-թուրքական բանակցությունների ներկայիս կոնֆիգուրացիան մեծապես 44-օրյա պատերազմի արդյունք է, Նադեին-Ռաեւսկին նկատել է, որ Ռուսաստանի հարավային սահմաններին մշտական լարվածության ներուժ պարունակող թեժ կետերի չեզոքացումը բխում է Մոսկվայի շահերից: Այս լույսի ներքո՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը աշխարհաքաղաքական առումով, ըստ նրա, ձեռնտու է Ռուսաստանին։ Իհարկե, այդ գործընթացում հայ ժողովրդի իրավունքների պահպանման պայմանով։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում: Երևանը ներկայացնում էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ները տարածել են բանակցությունների կառուցողական մթնոլորտի մասին մոտավորապես նույնանման հայտարարություններ։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերը բանակցությունների ընթացքում պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքականացված հունով։
Թուրքագետի գնահատմամբ՝ ներկա փուլում Անկարան Երևանի նկատմամբ կիրառում է soft power՝ թուրքական մեկնաբանությամբ, այսինքն, բավականին ագրեսիվ և կոշտ կատարմամբ։ Իսկ նրա վերջնական նպատակն այս գործընթացում իր և Հայաստանի միջև վասալային հարաբերությունների հաստատումն է։ Եվ շարժվում է այդ ուղղությամբ՝ կիրառելով սեփական, շատ ճկուն դիվանագիտությունը, որի հնարավորություններն Անկարան արդեն ցուցադրել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բավական հաջող խուսավարման ընթացքում։
"Նման քաղաքականության և նման գործիքակազմի շրջանակներում Թուրքիան փորձելու է հասնել Հայաստանի բաաարեհաճությանը՝ շարժվելով Երևանին ընդառաջ և առաջարկելով փոքր զիջումներ ու հնարավորություններ։ Որոնց թվում արդեն կարելի է նշել Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթները և երկկողմ շփումների ակտիվացման նախաձեռնությունները։ Եվս մեկ գործոն՝ Անկարայի կողմից Երեւանի ուղղությամբ բացասական ուղերձների բացակայությունը։ Ինչը պայմանավորված է Հայաստանի փոքր ակնկալիքներով, որոնք սահմանափակվում են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ", - ամփոփել է ռուսաստանցի թուրքագետը։