
Արմինֆո.Արդեն տևական ժամանակ է, ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ տարածած հայտարարությունում։
«Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:
Իրավական պետությունը ոչնչացնող պետական ահաբեկման այս մթնոլորտում լռություն է տիրում մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կազմակերպություններում: Սա այն դեպքում, նման դեպքերը պետք է դառնան տեղական և միջազգային լայն քննարկումների առարկա: Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը: Այն անթույլատրելի է:
Ելնելով նշվածից ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը՝
1. Դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ այս վարքագիծը:
2. Պահանջում է Հայաստանի իրավապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանության ապօրինի պատվերներով գործողություններ կատարելուց:
3. Կոչ է անում հայաստանյան քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտագոված մեր հայրենակիցներին՝ համախմբվել և ընդդիմանալ Սահմանադրությունը ոտնահարող գործողություններին:
4. Ժողովրդավարությամբ և իրավունքի գերակայությամբ մտահոգ միջազգային հանրության ուշադրություն է հրավիրում օրվա քաղաքական իշխանությունների հակաիրավական այս վարքագծի վրա»,- նշված է հայտարարությունում:
Նշենք, որ այս հայտարարությունը հաջորդել էր այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր սկսել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ: ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում, օրենքով սահմանված կարգով, միջնորդություն է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: ԲԴԽ-ը հավանություն է տվել այդ միջնորդությանը։ ԲԴԽ այդ որոշումը քննադատել են ինչպես ընդդիմադիր գործիչները, այնպես էլ դատավորական և փաստաբանական համայնքները։
Հարկ է նշել, որ հենց դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ-խմբ.) վերաբերյալ քրեական գործը, որը մի քանի ամիս կալանքի տակ էր գտնվում: Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՝ ՀՀ վարչապետի սպանությունը նախապատրաստելու, նրա գործունեությունը դադարեցնելու, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու համար: Նախապատրաստական փուլում դատավորը փոխել է հրամանատարի խափանման միջոցը՝ ազատելով Մինասյանին կալանքից։
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ սկսված հետապնդումը ոչ մի կապ չունի նրա վարույթում գտնվող աղմկահարույց գործերի, այդ թվում ՝ "Սիսական" ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործի հետ: Բայց, միևնույն ժամանակ, չի հաղորդվում, թե ինչ գործով է մեղադրվում դատավորը։