


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ինչպես 2014 թ. դեկտեմբեր ամսին, այնպես էլ ընթացիկ տարվա անցած օրերի ընթացքում նախարարության համակարգում գործող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետների կողմից բոլոր տարածաշրջաններում պարբերաբար կատարվում են մշտադիտարկումներ գյուղատնտեսական մշակաբույսերի ձմեռման ընթացքը պարզելու նպատակով:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս հերքել այգիները վնասվելու վերաբերյալ անհիմն մեկնաբանությունները և միանշանակ պնդել, որ հանրապետության տարածքում 14.01.2015թ. դրությամբ աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու և խաղողի այգիներում որևէ վնաս չի նկատվել: Այս մասին ասվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հայտարարության մեջ`ի պատասխան որոշ լրատվամիջոցների լուրերի, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների:
ՙՆախարարությունն այսուհետ ևս շարունակելու է մշտադիտարկումները, և ջերմաստիճանի փոփոխությունների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ կներկայացվի մասնագիտական հիմնավորված կարծիք՚,- ասվում է հայտարարության մեջ:


