Արմինֆո.Մոսկվայի նպատակը ռազմական ներկայությունն է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
"ՌԴ ռազմական ներկայությունն արդեն Հարավային Կովկասի բոլոր երկրներում բխում է Մոսկվայի շահերից ։ Այս լույսի ներքո՝ ես բացարձակապես տրամաբանություն չեմ տեսնում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները ջերմացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մեջ։ Վերջինս, անկասկած, Մոսկվայի շահերից չի բխում։ Ի վերջո, նույն ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայանը պայմանավորված է այն սպառնալիքով, որ Թուրքիան ներկայացնում է Հայաստանի համար", - նշել է նա։
Մեկնաբանելով Մոսկվայում մեկնարկած Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունները՝ դաշնակցականը նկատել է, որ բոլորովին չի ակնկալում վերջին երեք տասնամյակների Անկարայի պաշտոնական քաղաքականության փոփոխություն՝ մեկուկես ժամ տեւած բանակցությունների արդյունքում: Ավելին, նրա կարծիքով, ավելի շուտ այդ բանակցությունները Երևանի և Անկարայի միջև արդեն ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների էկրանավորումն են։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում: Երևանը ներկայացնում էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան ՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ - ները տարածել են բանակցությունների կառուցողական մթնոլորտի մասին մոտավորապես նույնանման հայտարարություններ։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերը բանակցությունների ընթացքում պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքականացված հունով։
Այս լույսի ներքո՝ Մանոյանը հիշատակել է Թուրքիայի նախագահի գնահատականները Թուրքիայում Եվրամիության դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ Նրա գնահատմամբ, Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը "ճիշտ գնահատելու" անհրաժեշտության մասին Էրդողանի հայտարարությունները խոսում են ոչ թե նախապայմանների բացակայության մասին, այլ Հայաստանի նկատմամբ եւս մեկ նախապայմանի հայտնվելու մասին՝ տխրահռչակ "Զանգեզուրի միջանցքի"։
"Մեր ԱԳՆ-ն խոսում է հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ նախապայմանների հիշատակման բացակայության մասին։ Դե թող այդ մասին գոնե մեկ անգամ ասի նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ը։ Այս ամենը արդեն գրված և համաձայնեցված սցենարով թատերական ներկայացման մի մասն է։ Սցենար, որը գրվել է Անկարայում, այլ ոչ թե Մոսկվայում և, առավել ևս, ոչ Վաշինգտոնում։ Ամեն դեպքում, անկախ անձերից, Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող և չպետք է բանակցեն Թուրքիայի հետ։ Պարզապես, այն պատճառով, որ նրանք տանուլ են տվել պատերազմն Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ", - ամփոփել է դաշնակցականը։