Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը հունվարի 24-ին փակ գաղտնի քվեարկությամբ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է արդարադատության նախկին առաջին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Նրանք բոլորը կողմ են քվեարկել կառավարող խմբակցության թեկնածուին։
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը 2021թ. դեկտեմբերի 17-ին հավանություն էր տվել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը: Թեկնածությունն առաջադրել է իշխող խմբակցությունը, քանի որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին, եւ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մտադիր չեն նրան վերընտրել:
Ինչպես հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ներկայացնելով թեկնածությունը, Գրիգորյանը ծնվել է 1981 թվականին՝ Սեւան քաղաքում։ 2016-2017 թթ. աշխատել է Եվրոպայի խորհրդում ՝ որպես մարդու իրավունքների ազգային փորձագետ: Նա երկու բարձրագույն կրթություն ունի ՝ իրավագիտության և արևելագիտության բնագավառներում։ Ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, հիմնականում, պետական մարմիններում։ 2019 թվականի հուլիսի 3-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, 2021 թվականի ապրիլի 6-ին՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: "Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նա, հիմնականում, զբաղվել է միջազգային համագործակցության հետ կապված հարցերով, մասնավորապես, միջազգային իրավական դաշտի համակարգմամբ, որը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի պարտավորությունների կատարմանը։ Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը վկայում է այն մասին, որ նա եղել եւ մնում է մարդու իրավունքների պաշտպան", - ասել է Վարդանյանը։ Հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականին: Հայաստանի իշխանությունները բազմիցս նրան մեղադրել են քաղաքական կողմնակալության մեջ, հատկապես, սահմանամերձ բնակավայրերում հետպատերազմյան իրավիճակի, անվտանգության գոտի ստեղղծելու եւ հայկական գյուղերից ու ճանապարհներից ադրբեջանցի զինծառայողներին դուրս բերելու անհրաժեշտության վերաբերյալ նրա հայտարարությունների համար, քանի որ, նրա համոզմամբ, առանց դրա անհնար է վերականգնել սահմանամերձ բնակիչների իրավունքներն ու բնականոն կենսագործունեությունը: Ընդ որում, ինչպես պնդում էր Թաթոյանը, հետ քաշումը պետք է իրականացվի ոչ հայկական տարածքների հաշվին։ Օմբուդսմենը հայտարարել է, որ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լեգիտիմ լինել, եթե այն չի ապահովում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, չի համապատասխանում միջազգային իրավունքի գերակայության սկզբունքին եւ չի ապահովում մարդկանց բնականոն կենսագործունեությունը: