Արմինֆո.ՀՀ նախագահը մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ կանչել իր հրաժարականի դիմումը։ Այս մասին հունվարի 24-ին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՝ հունվարի 23-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Սարգսյանի խոսքով ՝ հրաժարականի պատճառը նախագահի մոտ իրական գործիքների, այդ թվում ՝ "պատերազմի կամ խաղաղության" հարցերի վրա ազդելու հնարավորության բացակայությունն է։ Ինչպես ասվում է նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ, Սարգսյանը մտածել եւ որոշել է հեռանալ հանրապետության նախագահի պաշտոնից՝ շուրջ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո: "Այդ որոշումը զգացմունքային չէ, այն հետեւում է որոշակի տրամաբանությանը", - նշել է նախագահը: Արմեն Սարգսյանը ՀՀ առաջին նախագահն է, ով ընտրվել է ոչ թե համաժողովրդական քվեարկության միջոցով, այլ նոր Սահմանադրության համաձայն՝ 2018 թվականի ապրիլին Հայաստանի խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:
Ինչպես նշել է ԱԺ նախագահը, Հայաստանի Հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել Սահմանադրության 142-րդ հոդվածի, ԱԺ կանոնակարգի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: "ԱԺ կանոնակարգի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս այդ մասին հայտարարությամբ: Իսկ եթե նա հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Հրաժարականը համարվում է ընդունված՝ արձանագրության հրապարակման պահից", - ասել Է Սիմոնյանը։
Նշենք, որ Սահմանադրության 125-րդ հոդվածի համաձայն ՝ նախագահն իր հրաժարականի մասին դիմում է ներկայացնում Ազգային ժողով։ Հրաժարականը համարվում է ընդունված՝ օրենքով սահմանված կարգով դրա հրապարակման պահից։ Մինչեւ նոր նախագահի պաշտոնն ստանձնելը նրա պարտականությունները կատարում է խորհրդարանի նախագահը:
Ինչպես ասվում է ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդվածում, հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո: