Արմինֆո. Ժամանակակից արվեստի թանգարանում ՀՀ-ում Իտալիայի դեսպանության աջակցությամբ բացվել է իտալացի լուսանկարիչ Պատրիսիա Պոզիլիպոյի "Հետքեր" (Tracce) լուսանկարչական ցուցահանդեսը:
Այս նախագիծը հանրային արվեստի Opere Vive (Կենդանի ստեղծագործություններ) ծրագրի մի մասն է, որը երկու տարի շարունակ իրականացնում է Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում: Ծրագրի շրջանակներում իտալացի մի շարք արվեստագետներ բացահայտում են Հայաստանն ու նրա արվեստը։
Tracce ցուցահանդեսը մեկտեղել է ավելի քան 60 լուսանկար, որոնք արվել են Պատրիսիա Պոզիլիպոյի կողմից՝ Իտալիայից Հայաստան կատարած իր ճանապարհորդության ընթացքում: Լուսանկարներում իտալացի լուսանկարչի աչքերով պատկերված են տարբեր սյուժեներ, մարդիկ, պահեր, հույզեր, ատրիբուտիկա, որոնք անքակտելիորեն կապված են Հայաստանի, նրա մշակույթի և ինքնության հետ։
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշել է, որ անցկացվող յուրաքանչյուր ցուցահանդես իր ուրույն տեղն ունի: Բայց արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն նոր տարին սկսել իտալացի վարպետների աշխատանքների ներկայացմամբ։ Այս կապակցությամբ, ինչպես նշել է տիկին Ավետիսյանը, Իտալիայի դեսպանատան հետ թանգարանը համագործակցում է արդեն երկար տարիներ:
Խոսելով Tracce ցուցահանդեսի մասին՝ նա նշել է, որ Պատրիսիան նախագծի վրա աշխատելու ընթացքում ազատություն է տվել այն մարդկանց, որոնք նրա լուսանկարների հերոսներն են, թույլ տալով նրանց ընտրել վայրը կամ այն առարկան, որը նրանք ցանկանում են ցույց տալ: "Կարծում եմ, որ, գուցե, նա ցանկացել է ցույց տալ Հայաստանի և նրա մարդկանց հոգին։ Ինչ է ասել ինքը՝ լուսանկարիը. «Երբ մենք նայում ենք հայելու մեջ, ապա տեսնում ենք մեզ, նայելով լուսանկարին՝ տեսնում ենք հոգին: Գիտեք, ապրելով Հայաստանում ՝ մենք կարող ենք անցնել ինչ-որ իրավիճակների , պահերի կողքով և ոչինչ չնկատել ։ Իսկ այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս բռնել անծանոթ մարդու հայացքը, կողքից նայել իր, շրջապատի, իրավիճակի վրա", - ասել է թանգարանի տնօրենը։
Ընդ որում, նա նկատել է, որ հայկական եւ իտալական մշակույթների մոտիկությունը այս ցուցահանդեսի համատեքստում առանցքային չեն։ Նունե Ավետիսյանի կարծիքով՝ ամեն ինչի կենտրոնում մարդն ու նրա զգացումներն են, ինչը ինչ-որ ընդհանուր բան է ՝ անկախ ծագումից, մշակույթից կամ գտնվելու վայրից:
"Կցանկանայի, որ այս ցուցադրությունն ավելի շատ բարություն, բարյացակամություն մտցներ մեր սրտերում", - ասել է նա:
Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ փետրվարի 20-ը: Մուտքն ազատ է: