Արմինֆո.Ես ավելի քան համոզված եմ, որ ՀՀ սահմանադրության բարեփոխումների հանրաքվե անցկացնելու Հայաստանի իշխանությունների ծրագրերը կյանքի կոչելու դեպքում՝ մենք կբավարարենք դեռևս պահպանվող թուրքական նախապայմանները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել փորձագետ-միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
"Խոսքը որոշ հայտնի փաստաթղթերի մասին է, որոնցում Անկարան Հայաստանին սեփական տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահանջ է ներկայացնում։ Եվ, իհարկե՝ ապագայում որեւէ տարածքային պահանջներից հրաժարվելու պահանջներ: Ինչպես նաև ջնջել Արևմտյան Հայաստանի մասին հիշատակումը Անկախության հռչակագրում և մեր զինանշանից հեռացնել Մասիս սարը։ Ես ավելի քան համոզված եմ, որ թուրքերը մտադիր չեն հրաժարվել այդ նախապայմաններից", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ փորձագետը նշել է, որ Երևանն, ըստ էության, արդեն բավարարել է թուրքական երկու հիմնական նախապայմանները։ Արցախը հանձնելով Ադրբեջանին և հրաժարվելով ինչ-որ բան ձեռնարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ։ Նրա կարծիքով, դա հայ-թուրքական մեկնարկած բանակցային գործընթացում ստեղծում է յուրահատուկ իրավիճակ, քանի որ հարաբերությունները կարգավորելու նախորդ փորձերի ընթացքում այդ ամենը չի եղել։
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում: Երևանը ներկայացնում էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ - ները տարածել են բանակցությունների կառուցողական մթնոլորտի մասին մոտավորապես նույնանման հայտարարություններ։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ կողմերը բանակցությունների ընթացքում պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքականացված հունով։
Բնութագրելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առկա հարաբերությունները՝ փորձագետը նշել է Ալիեւի պարտքերն, առաջին հերթին, Ռեջեփ Էրդողանի հանդեպ՝ 44-օրյա պատերազմին թուրքական մասնակցության համար։ Սարգսյանը համոզված է, որ առանց Թուրքիայի, Իսրայելի եւ Պակիստանի աջակցության Ադրբեջանը հաղթանակի չէր հասնի ։ Եվ Անկարան, նրա կարծիքով, ի պատասխան՝ Ալիևից ակնկալում է սեփական ինտեգրացիոն նախագծերին Ադրբեջանի ավելի մեծ ինտեգրում ՝ ռուսական նախագծերից հրաժարվելու գնով։
"Այստեղ անհրաժեշտ է նշել Անկարայի և Մոսկվայի ձգտումը Բաքվին, համապատասխանաբար, տանել Թյուրքական և Եվրասիական միություն։ Եվ հենց Ադրբեջանն է այսօր գլխավոր պատառը այս երկու նախագծերի պայքարում։ Ադրբեջանում ղազախական "հեղափոխության" օրինակով "հեղափոխություն" անելու վերաբերյալ հիմնական խաղացողների միջև առայժմ փոխհամաձայնություն չկա։ Կա միայն Ալիևի կողմից Մոսկվայի և Անկարայի միջև վերջնական ընտրություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ "կոնսենսուս"։ Հակառակ դեպքում՝ այդ ընտրությունը լիովին կարող են կատարել առանց նրա եւ նրա փոխարեն", - եզրափակել է Սարգսյանը։