Արմինֆո.Ռուսաստանը կողմ է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովմանը, գործեն ոչ թե զրոյական գումարով խաղի սկզբունքով, այլ ելնեն կողմերի շահերից եւ հաշվի առնեն Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները:
Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պատասխանում այն հարցին, թե ինչպիսին են Մոսկվայում տեսնում Հարավային Կովկասի ապագան։
Ընդ որում, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը հետեւողականորեն ջանքեր է գործադրում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին իրավիճակի կարգավորման ուղղությամբ, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառմամբ միջադեպեր, կան մարդկային զոհեր:
"Անհրաժեշտ է հնարավորինս արագ ձեւավորել եւ գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը՝ դրա հետագա սահմանագծմամբ։ Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին այդ գործընթացում", - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին՝ Մոսկվայում, մասնավորապես, նշել են. "Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է դրա լուծմանը: Հիշեցնենք, որ 2020թ. դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է, ընդհանուր առմամբ, 146 պահված անձ. 127-ը՝ հայկական կողմին, եւ 19-ը՝ ադրբեջանական", - ընդգծել են Ռուսաստանի ԱԳՆ - ում:
ԱԳՆ - ում նաեւ ընդգծել են, որ ելնում են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունից: "Այսօր առաջնային խնդիրներն են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի գործարկումը, ինչպես նաեւ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այդ ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա էապես առաջ շարժվել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում", - նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում: ՌԴ ԱԳՆ-ում նաեւ հիշեցրել են, որ այս տարի նշվում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների մեծամասնության, այդ թվում ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: "Յուրաքանչյուր երկրի հետ մենք պատրաստում ենք հոբելյանական միջոցառումների շարք։ Հաշվի առնելով, որ մի շարք միջոցառումներ կրելու են մշակութային-լուսավորչական բնույթ, ելնում ենք այն բանից, որ դրանք հետաքրքրություն են ներկայացնելու նաև հանրության համար", - ամփոփել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: