Արմինֆո.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե "Բաքվի համար անընդունելի են Երեւանի նախապայմանները սահմանի սահմանազատում սկսելլու հարցում":
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով համապատասխան հարցին, հայտարարել է. «Կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա: Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆոն, Ջեյհուն Բայրամովն, արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն խոսքերին, թե Հայաստանը Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների փաթեթ, որոնք ուղղված են սահմանային իրավիճակի ապաԷսկալացմանը, հայտարարել է, որ Ադրբեջանը կողմնակից է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացն առանց որեւէ նախապայմանի սկսելուն: Ընդ որում, նա հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը դիտարկվում է որպես երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւոր տարր: Ադրբեջանցի արտգործնախարարի ասելով՝ Բաքուն հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ այդ գործընթացը սկսվի առանց ժամանակ կորցնելու։ Ընդ որում, Բայրամովն անընդունելի է համարել «սահմանազատման գործընթաց սկսելու համար Երեւանի կողմից մի շարք նախապայմանների առաջ քաշումը»: