Արմինֆո.Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման կապակցությամբ գործարկվել են ՀԱՊԿ այլ մեխանիզմներ, այդ թվում՝ նաեւ երկկողմ։ Խոսքը վերաբերում է քաղաքական մեխանիզմներին։ Այդ մասին հունվարի 19-ին ԱԺ կառավարական ժամի ընթացքում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդեւանյանի կրկնակի հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքներ հակառակորդի ակնհայտ ներխուժման առնչությամբ ռազմական օգնության համար՝ 4-րդ հոդվածով։
«Մենք շատ լավ գիտենք ՀԱՊԿ-ի կանոնադրությունը եւ դրա հոդվածների դասավորությունը: Ընդ որում, չի կարելի պնդել, որ միջամտության այդ քաղաքական մեխանիզմներն արդյունք չեն տվել, և կրակը չի դադարեցվել, օրինակ։ Ես չեմ պնդում, ես արձանագրում եմ։ Այո, կա ՀԱՊԿ, այն ունի կանոնադրություն եւ ուժերի գործարկման մեխանիզմներ: Եթե անհրաժեշտություն լինի չորրորդ հոդվածով դիմելու ՀԱՊԿ-ին, կառավարությունը նման որոշում կկայացնի", - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
"ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, դա բանակ չէ, և, վերջիվերջո, եթե նայենք կազմակերպության կանոնադրությունը, երբ դաշնակիցների միջամտության հարց է առաջանում, ապա, առաջին հերթին, գործարկվում են քաղաքական մեխանիզմները։ Եվ միայն այն ժամանակ, երբ դրանք անզոր են, սկսվում են խորհրդատվություններ և միջամտություն գետնի վրա։ Այս դեպքում՝ առ այսօր մենք կիրառել ենք այդ գործիքակազմը և հույս ունեմ, որ նույն ոգով շարժվելով, կհասնենք խնդրի լուծման", - ասել է Միրզոյանը։
Նշենք, որ մայիսի 12-13-ը ՀՀ ինքնիշխան տարածքներ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով: Սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, հայկական կողմը ռազմական դաշինքին դիմել է ոչ թե ռազմական օգնության մասին 4-րդ հոդվածով, այլ խորհրդատվությունների մասին 2-րդ հոդվածով։
Այնուհետև, արդեն նոյեմբերի 16-ին Սյունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրման ֆոնին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին ռազմական օգնության համար, եւ նախապատրաստվում է գրավոր հարցում։ ՀԱՊԿ-ում Հայաստանից դիմում ստանալու վերաբերյալ ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումներից հետո կազմակերպությունում հղորդեցին, որ ՀՀ-ից դիմում չի ստացվել:
Ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ին դիմելու առնչությամբ ՀՀ իշխանությունների մանիպուլյացիոն տեղեկատվության ֆոնին հայ հասարակության շրջանում սկսել է բացասական վերաբերմունք ձևավորվել ռազմական դաշինքի նկատմամբ։ Կազմակերպության նկատմամբ վստահությունը խաթարվել է, և, նույնիսկ, կառույցից դուրս գալու կոչեր են եղել։