Արմինֆո. Ընդհանրապես, նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել՝ որևէ տեղ չտանող գործընթաց է: Այդ մասին«Ազատություն» ռադիոկայանին հայտարարել լէ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, որի գործընթացում առաջին հանդիպումը կայացել է երկու օր առաջ Մոսկվայում:
Մասնավորապես, պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմանների (այդ թվում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի) վերաբերյալ հարցին, Գրիգորյանը, ասել է. «Բազմիցս խոսել ենք, որ միջանցքային տրամաբանության մեջ Հայաստանը որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Միջանցքի հարցը մեզ համար կարմիր գիծ է, և սրա մասին տեղյակ են բոլորը` տեղյակ է և՛ Ադրբեջանը, և՛ բոլոր այն երկրները, որոնք ինչ-որ ձևով առնչվում են Հայաստանի հետ: Մենք այս հարցը, կարելի է ասել, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, և հստակ բոլորը գիտեն, որ միջանցքի հարցում որևէ քննարկում չի կարող լինել, և այստեղ նախապայմաններ, ընդհանրապես նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել որևէ տեղ չտանող գործընթաց է: Մեր մոտեցումն այն է, որ պետք է հարաբերություններ սկսել, միմյանց մոտեցումները հասկանալ, որովհետև տեսեք` շատ հաճախ են մեր ընդդիմադիրները կամ այլ քաղաքական գործիչներ հայտարարում, որ Թուրքիան ինչ-որ բան է հայտարարել: Որպեսզի այդ հայտարարությունների ավելի խորքային կոնտեքստը հասկանանք, մեր մոտեցումն այն է, որ մենք պետք է սեղանի շուրջ նստենք Թուրքիայի հետ և հասկանանք, թե նրանք ինչ մոտեցումներ ունեն, քննարկենք, նաև մեր մոտեցումները ներկայացնենք և փորձենք հարաբերությունները կարգավորել: Մենք կարծում ենք, որ հնարավոր է հարաբերությունները կարգավորել, և եթե մենք օգտագործենք ստեղծված այս պատուհանը, ապա երկարաժամկետ հնարավոր է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»:
Պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը խնդրեց հենց Մոսկվայից սկսել բանակցությունների մեկնարկը, ԱԽ քարտուղարն ասել է. «Ընդհանուր առմամբ նաև կարող եմ ասել, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկի հնարավոր տեղի ընտրության հարցում համաձայնությունը նաև Թուրքիայինն է եղել, այսինքն` համաձայնությունը, որ տեղի ունենա Մոսկվայում, ընդհանուր առմամբ երեք կողմն էլ համաձայնություն է տվել: Մենք բաց ենք, որպեսզի գտնենք հնարավորություններ` քննարկելու նաև այլ տեղեր. հաջորդ հանդիպումները կարող են լինել և՛ Երևանում, և՛ Անկարայում, պետք է քննարկենք և հասկանանք: Եվ կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման եթե դրական դինամիկա լինի, ապա շփումներն էլ ավելի կշատանան, և մենք կկարողանանք գտնել այն ճանապարհը և այն ձևը` հարաբերությունները կարգավորելու համար»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Երեւանն ու Անկարան փոխադարձ հիմունքով հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար: Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել էր Չավուշօղլուի հայտարարությունը, հաստատելով, որ Երեւանը կնշանակի իր հատուկ ներկայացուցչին երկխոսության համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Անկարան Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։
Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: Կողմերը«դրական եւ կառուցողական» են որակել առաջին հանդիպումը: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները առանց նախապայմանների ՝ ամբողջական կարգավորման նպատակով։