Արմինֆո. Փարիզից պատասխանել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին՝ ուղղված Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսին: Մասնավորապես, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հանդես է եկել հայտարարությամբ Ալիեւի
սպառնալիքների կապակցությամբ՝ Ֆրանսիայի իշխանություններին կոչ անելով Ադրբեջանից պահանջել պարզաբանումներ եւ ներողություն խնդրել նախագահի թեկնածուի հասցեին նման սպառնալից հայտարարության համար: Ընդ որում, հայ համայնքում նշել են, որ եթե ներողություն չհետեւի, ապա՝ Բաքվից հետ կանչի իրենց դեսպանին եւ Ֆրանսիայից արտաքսել Ադրբեջանի դեսպանին: Միեւնույն ժամանակ, ինքը՝ Վալերի Պեկրեսը, ԶԼՄ-ների հետ զրույցում ուշադրություն է հրավիրել նախագահական ընտրություններում թեկնածուի հասցեին նման սպառնալիքի լրջությանը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ թեկնածուն պետք է ազատ լինի ցանկացած վայր այցելելու հարցում։ "Այդ սպառնալիքներն ինձ չեն վախեցնում, բայց ես ցնցված եմ սպառնալիքների առնչությամբ ֆրանսիական կառավարության լռությունից։ Ես կցանկանայի, որ Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես արձագանքեր այլ երկրի նախագահի կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հասցեին նման սպառնալիքին", - նշել է նա։
Մեկ օր առաջ, ինչպես գրել է ԱրմԻնֆո-ն, Պեկրեսին պաշտպանել է նաեւ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ընդգծելով, որ Ալիեւի սպառնալիքները չեն կանգնեցնի Ֆրանսիային Հայաստանի հետ համերաշխություն հայտնելու հարցում: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան եւ Արցախ է այցելել 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը: Այցի ընթացքում նրան ուղեկցել են Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, նախկին եվրահանձնակատար Միշել Բարնյեն, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տեղյակ չէր Վալերի Պեկրեսի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի մասին, իսկ եթե իմանար, ապա ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել ԼՂՀ-ն։