Արմինֆո. Մոսկվան եւ Բրյուսելն արտահայտվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման մասին:
Մասնավորապես, այդ հարցի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հունվարի 14-ին առանձին հանդիպումներ է ունեցել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով Մոսկվա ժամանած Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի հետ:
"Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել նաեւ ուղիղ շփում։ Կողմերը պատրաստակամություն են դրսեւորել երկխոսություն վարել կառուցողական, ոչ քաղաքականացված հունով, անկեղծության եւ գործնական արդյունքին նպատակամղվածության ոգով ՝ "փոքր քայլերով" շարժվելով պարզից դեպի բարդ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփման կետերի որոնումը, ինչը կգործեր ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության եւ տնտեսական բարգավաճման", - ասվում է հաղորդագրությունում:
ԵՄ-ում, իրենց հերթին, ողջունել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը Մոսկվայում՝ հարաբերությունների կարգավորման նպատակով: Եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ողջունում է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատելու Երեւանի եւ Անկարայի պատրաստակամությունը եւ հատուկ դեսպանորդների նշանակումը: "Հատուկ բանագնացների առաջին հանդիպումն այս ուրբաթ կարևոր առաջընթաց քայլ էր, և Եվրոպական միությունը կոչ է անում Թուրքիային և Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հետագա կոնկրետ քայլերը լավ նորություն կլինեին տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար՝ երկու երկրների հետ նրա փոխգործակցության առումով։ 2014 թվականից ԵՄ-ն ավելի քան 4,5 մլն եվրո է հատկացրել այն նախագծերի համար, որոնք նպատակամղված են հող նախապատրաստելու մի շարք ոլորտներում հարաբերությունների կարգավորման համար, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը եւ կրթությունը", - ասված է Ստանոյի հայտարարությունում:
Նշենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Երեւանում եւ Անկարայում կառուցողական եւ դրական են համարել կայացած բանակցությունները։