Արմինֆո. ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղարկել է ԱԺ պատվիրակության կազմում իր աշխատանքային այցն ԱՄՆ: Ինչպես հաղորդել է խմբակցության ղեկավարի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը, այցի չեղարկման պատճառը եղել է իշխող խմբակցության՝ ընդդիմության ներկայացուցչին աշխատանքային կարեւոր հանդիպման մասնակիցների ցուցակում չընդգրկելու որոշումը:
"Մեկնումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք մարդ, եւ որոշում է կայացվել Վանեցյանին չընդգրկել նրանց կազմում։ Փաստորեն, իշխանությունները որոշել են, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպման ժամանակ ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա, և հայկական կողմից մասնակցելու են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ - ում դեսպան Լիլիթ Մակունցը", - տեղեկացրել է Սոս Հակոբյանը, նշելով, որ այս պայմաններում Արթուր Վանեցյանը աննպատակահարմար է համարել իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել գործուղումը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է երկրի իշխանությունների նման վարքագծի աննախադեպ և անընդունելի լինելը, հատկապես՝ խորհրդարանական համակարգի պայմաններում։ "Դատապարտում ենք նման պահվածքը, համարելով, որ այն հարված է հասցնում իմիջին։ Բոլոր հնարավոր միջոցներով պետք է այդ ամենն արմատախիլ անել", - ընդգծել է ընդդիմադիր գործչի ներկայացուցիչը։
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը ԱՄՆ նախատեսվում էր հունվարի 15-20-ը: