Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքաայել Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանին նշանակել է արդարադատության նախարարի տեղակալ: Որոշումը, ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, Փաշինյանը ստորագրել է հունվարի 1-ին։
Գրիգոր Մինասյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 23-ին Երեւանում: 1990-2000թթ. սովորել է Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում: 2000-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայ - Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2005-2008թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 2008թ. պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2006-2011թթ. դասավանդել է "ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ" ՊՈԱԿ-ում: 2008թ.- ից "Արդարադատություն" գիտական պարբերականի գլխավոր խմբագիրն է (հրատարակությունը հաստատվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից): 2012 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: 2013թ. մայիսի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
"ԱՄ" իրավաբանական ընկերության ղեկավարն է՝ հիմնադրման պահից: Լինելով "Լեքս Փարթներս" իրավաբանական ընկերության հիմնադիրը՝ 2009թ. - ից ղեկավարել է տվյալ ընկերությունը ՝ որպես կառավարիչ գործընկեր։ 2011 թվականից հանդիսանում է նաև Աթենքում տեղակայված հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO) Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ և ընդգրկված է տվյալ հեղինակավոր միջազգային-իրավական կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում: