Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարքտեր ունի, որոնք պետք է վերադարձնի: Այդպիսի կարծիք է հայտնել փորձագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա ասելով, իր հաղթանակով Ալիեւը պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին և այլն եւ, հաստատ, պարտքի դիմաց իրենից փող չեն ուզելու: «Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական: Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն Ալիևը ինչ որ մեկին պետք է վերջում «գցի»: Այս կայսրությունների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցության ամենաբարդ կռվախնձորը լինելու է հենց Ադրբեջանը (Ղազախստանի հարցը կարծես լուծվեց՝ ձախողելով թյուրքայան աշխարհի նախագիծը) Ռուսաստանը սկզբում փորձելու է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ, իսկ Թուրքիան փորձելու է թույլ չտալ», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փորձագետը: Քաղաքագետն արձանագրել է, որ,
ինչպես արաբական, այնպես էլ թյուրքական աշխարհում հեղափոխությունները և հեղաշրջման փորձերը մեծ հավանականություն ունեն (տես Ղազախստանն ու Թուրքիայի հեղաշրջման բազմաթիվ փորձեր):
«Ալիևը որևէ արաբական երկրի առաջնորդից լավ դիկտատոր կամ ավելի խելացի առաջնորդ թող չլինի: Եթե Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիևն ավելի ուժեղ տղա թող չլինի», - ասել է նա:
Ընդ որում, Սարգսյանը համաձայն է մասնագետների հետ, որ այսօր ներքին կամ արտաքին խաղացողների կոնսենսուս (կամ կոնսենսուս-1) չկա Ադրբեջանում հեղափոխության համար: «Բայց Ալիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն», - համոզված է քաղաքագետը: