Արմինֆո. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։
Այդ մասին «Արմենպրես»-ին հաղորդել են ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունից, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի։
«Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության պատասխանում։
Նշենք, որ նախօրեին հակառակորդը գնդակոծել է Գեղարքունիքի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը, այդ թվում ՝ հրետանային և անօդաչու թռչող սարքերից: Ըստ ՀՀ ՊՆ-ի, հակառակորդի այդ գործողությունների արդյունքում զոհվել է երեք հայ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: Մինչդեռ, ըստ ԶԼՄ-ների, վիրավորների թիվը հասել է 6-ի։