Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ղազախական Սկատ ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները։ Ինչպես ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում, հունվարի 10-ին, ժամը 18։00-18։20 կիրականացվի Ակտաու-Երևան DV845 թռիչքը։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել մեքենաների համար գազի գների 60-ից մինչեւ 120 տենգե բարձրացման պատճառով: Ավելի ուշ դրանք վերաճել են անկարգությունների ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ՝ քաղաքականությունից հեռանալու, նոր ընտրություններ անցկացնելու և խորհրդարանը ցրելու պահանջով։ Առավել զգալի բախումներ են տեղի ունեցել երկրի նախկին մայրաքաղաք Ալմաթիում։
Նշենք, որ SCAT-ը Ղազախստանի խոշորագույն ավիափոխադրողներից մեկն է, որն օրական իրականացնում է մոտ 48 չվերթ Boeing 757, Boeing 737, CRJ-200 տիպի օդանավերով: Ներկայումս ավիաընկերությունը շահագործում է ավելի քան 85 ավիաերթուղի, որոնց 64 տոկոսը բաժին է ընկնում տարածաշրջանային ուղղություններին, 36 տոկոսը՝ մերձավոր եւ հեռավոր արտերկրի: