Արմինֆո. 2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի հրամանագրերով երկրի ողջ տարածքում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ:
Ի սկզբանե հանրահավաքները սկսվել են Մանգիստաուի մարզում, որի բնակիչները հանդես են եկել հեղուկ գազի մանրածախ գները նվազեցնելու պահանջով: Դրան ի պատասխան՝ երկրի ղեկավարի հանձնարարությամբ կառավարությունը օպերատիվ միջոցներ է ձեռնարկել դրանք նվազեցնելու ուղղությամբ եւ մորատորիում է սահմանել սոցիալապես կարեւոր պարենային ապրանքների, վառելիքաքսուքային նյութերի եւ կոմունալ ծառայությունների գների բարձրացման համար: Առաջին օրերին Բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել։
Սակայն այլ խոշոր քաղաքներում ելույթները վերաճել են զանգվածային անկարգությունների և իշխանության մարմինների վրա հարձակումների։ Ավելին, Ալմաթիում տեղի ունեցած իրադարձությունները՝ հարձակումները վարչական եւ ռազմական օբյեկտների վրա, օդանավակայանի գրավումը եւ օտարերկրյա
ուղեւորատար եւ բեռնատար ինքնաթիռների պահումը վկայում են հարձակվողների նախապատրաստության եւ գործողությունների համակարգման բարձր մակարդակի մասին:
Վերլուծությունը ցույց է տալիս, որ Ղազախստանը բախվել է արտասահմանում պատրաստված ահաբեկչական խմբերի զինված ներխուժման։
Իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը ստանձնել է ՂՀ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը եւ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություններին՝ հակաահաբեկչական գործողության անցկացման հարցում ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով:
Հայտարարված արտակարգ դրության ռեժիմը ներառում է միջոցառումների համալիր, որոնք ուղղված են հասարակական անվտանգության եւ օրենքի գերակայության պահպանմանը: ՂՀ իրավապահ մարմինները և զինված ուժերը լիազորված են կանխելու ցանկացած հակաիրավական գործողություն։ Ընդ որում, պետությունը շարունակելու է ապահովել մեր բազմաէթնիկ եւ բազմադավան ժողովրդի բոլոր ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը, ինչպես նաեւ երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՝ դիվանագիտական կորպուսի եւ լրագրողների անվտանգությունը: Պաշտպանված կլինեն օտարերկրյա ներդրումներն ու արտասահմանյան ընկերությունների բիզնեսը։
Ղազախստանի Հանրապետությունը հանձնառու է մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը եւ "լսող պետության" հայեցակարգի շրջանակներում բարեփոխումների կուրսի շարունակմանը, որն իրականացնում է ՂՀ նախագահ Կ.Տոկաեւը:
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մշտական կապեր է պահպանում միջազգային գործընկերների հետ՝ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընթացիկ բոլոր հարցերի շուրջ: