Արմինֆո.Մոսկվան, անկասկած, իր տեսադաշտում է պահում Երևանի և Անկարայի միջև ընթացող գործընթացը։ Ըստ այդմ, այս գործընթացում և, կարևորը, դրա հնարավոր արդյունքներում, ի թիվս այլ բաների, հաշվի կառնվեն նաև Ռուսաստանի շահերը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Դեկտեմբերի 30-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հունվարին նախատեսվող առաջին հանդիպման մասին: Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, թուրքական կողմից ՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Ղևոնդյանը կարծում է, որ այս հանգամանքը, առաջին հերթին, պայմանավորված է 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանի սուբյեկտության մի մասի կորստով։ "Այդ հանգամանքը ենթադրում է ՌԴ-ի պարտադիր մասնակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ, որպես հետեւանք, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա հարաբերություններում եւ միտումներում որեւէ առանձնահատուկ փոփոխության բացակայություն",-նկատել է նա։
Ընդհանուր առմամբ, քաղաքագետի կարծիքով, Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչների սպասվող հանդիպմանը Հայաստանի հիմնական խնդիրը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների հստակեցումն է տարբեր հարցերի շուրջ, որոնք չեն առնչվում Հայաստանի կենսական շահերին: Չակնկալելով արդեն վաղը Հայաստանի ու Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատում կամ հաշտեցում՝ Ղևոնդյանն անհրաժեշտ է համարում Անկարայի հետ երկխոսությունը գոնե երկկողմ օրակարգի երկրորդական հարցերի ուղղությամբ։
Ապարդյուն համարելով այն ակնկալիքները, որ մեկնարկած հայ-թուրքական գործընթացի պարտադիր տրամանաբական ավարտը լինելու է սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, քաղաքագետն ընդգծել է հենց գործընթացի մեկնարկի կարևորությունը։ Այդ թվում՝ դրանում բոլոր կողմերի համար բազմաթիվ եզրերի, հեռանկարների և հնարավորությունների առկայության պատճառով։ Այս լույսի ներքո՝ Ղևոնդյանն առանձնացրել է հումանիտար ոլորտում, տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում հարաբերությունների կարգավորման հեռանկարը, անգամ, փոխադարձ թշնամանքի մթնոլորտի պայմաններում։
"Եթե Հայաստանին հաջողվի առաջընթաց գրանցել, գոնե, նման ուղղություններից մեկում, եւ դա համապատասխանի հայկական շահերին, դա արդեն կարելի կլինի համարել լոկալ, բայց, հաջողություն: Եվ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկն իսկ մեզ թույլ կտա հասկանալ հնարավոր ձեռքբերումների սահմանը և դրանց ակնկալվող գինը։ Այդ թվում՝ այն պատճառով, որ որոշ ձեռքբերումների գինը Հայաստանի համար կարող է լինել չափից ավելի, ուստի, անթույլատրելի", - ընդգծել է փորձագետը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան հավաքել մասնագետների լուրջ թիմ, որոնք կկարողանան երկրի համար մանևրելու հնարավորություններ ստեղծել Թուրքիայի հետ այս բավական բարդ գործընթացում", - ամփոփել է Ղևոնդյանը։