Արմինֆո. Ինձ, որպես վերջին երեք տասնամյակներին Արցախի շուրջ հակամարտության կարգավորմամբ զբաղվող մարդու, կարգավորման մադրիդյան սկզբունքներից էապես շեղվող որևէ փաստաթղթի մասին ոչինչ հայտնի չէ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
"Համապատասխանաբար, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան հայտնի է ինչ-որ լրացուցիչ փաստաթղթերի մասին, ապա նա պետք է դրանք ներկայացնի հանրությանը։ Համենայնդեպս, անցած տարեվերջին արված նրա հայտարարությունը 2011 թվականին ի հայտ եկած փաստաթղթի մասին, որտեղ
խոսք չի եղել Արցախի միջանկյալ կարգավիճակի մասին, ենթադրում է հենց այդ քայլը։ Ի դեպ, վարչապետը հետագայում սրբաագրել է սեփական խոսքերը, բայց, ամեն դեպքում, ես նրան կառաջարկեի ավելի ուշադիր ուսումնասիրել Արցախի վերաբերյալ առկա փաստաթղթային բազան", - նշել է նա։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւի աղմկահարույց հայտարարությունը, այսպես կոչված, Լաչինի եւ Զանգեզուրի միջանցքների միջեւ նմանություն անցկացնելու փորձի առնչությամբ, քաղաքագետը նշել է, որ այդպիսի համանման երեւույթներն, առնվազն, տարօրինակ են թվում: Քանի որ Ալիևը, ըստ նրա, փորձում է համադրել իրարից շատ հեռու իրավիճակները։ Գրիգորյանն, այս լույսի ներքո, համոզմունք է հայտնել, որ անթույլատրելի է որևէ համեմատություն նախկինի պես գնդակոծվող Արցախի "կյանքի ճանապարհի" և շրջափակման ու գնդակոծման չենթարկվող Նախիջևանի ճանապարհի միջև:
Անդրադառնալով 2021թ. ևս երկու կարևոր իրադարձության՝ Փաշինյան-Ալիև հանդիպումներին Սոչիում և Բրյուսելում, Գրիգորյանը դրանք որակել է որպես հայ-ադրբեջանական կարգավորման հարցում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների որոշակի համընկնումներ ցուցադրող։ Գտնելով, որ Կրեմլում Բրյուսելի բանակցությունները գնահատում են որպես Սոչիի շարունակություն, քաղաքագետն ընդգծել է, որ Մոսկվան առարկություններ չունի Փաշինյան-Ալիև երկխոսությունը Եվրոպայում շարունակելու վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև այլ դերակատարների մտադրությունը՝ զբաղվել արցախյան խնդրով և Բաքվի ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին առաջացած խնդիրներով, ըստ նրա, կարելի է միայն ողջունել։
"Այս լույսի ներքո՝ հետագա բանակցությունները հաջողության հնարավորություն ունեն։ Քանի որ խոշոր խաղացողների միջև Արցախի հարցում տարաձայնությունների առկայությունն ինքնըստինքյան կարգելակեր խնդիրների ողջ համալիրի կարգավորման գործընթացը։ Բրյուսելյան օրակարգը բավական մոտ էր Սոչիի օրակարգին, ինչը վկայում է Մոսկվայի և Բրյուսելի միջև դիմակայության բացակայության մասին, գոնե՝ այդ հարցում։ Իսկ ինչ վերաբերում է Սոչիին, ապա, բարեբախտաբար, միջանցքների, սահմանազատման և սահմանագծման հարցերում Երևանի նկատմամբ խիստ պահանջներ չեն հնչել։ Ինչպես նաև չեն հնչել Հայաստանի համար կարևորագույն որոշումների ընդունման որոշակի ժամկետներ", - ամփոփել է քաղաքագետը։