Արմինֆո.Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահի կողմից ստորագրված "Ազգային պաշտպանության մասին" օրենքի նախագծով, ի թիվս այլ բաների, նախատեսվում էր 907-րդ բանաձեւի վերականգնում, որն արգելում է Ադրբեջանին որեւէ օգնություն տրամադրել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել փորձագետ-միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
"Մեր լոբբիստները ձգտում էին 2001 թվականին Կոնգրեսի կողմից ընդունված ուղղումը հեռացնել օրենքից, որը թույլ է տալիս ԱՄՆ նախագահին շրջանցել դեռ 1991թ. ընդունված 907-րդ բանաձեւը։ Սակայն, ցավոք, դա նրանց չհաջողվեց։ Այսպիսով, "Ազգային պաշտպանության մասին" օրենքը սահմանափակվել է Պետդեպարտամենտին եւ Պենտագոնին կոչ անելով զեկույց պատրաստել 44-օրյա պատերազմում Ադրբեջանի եւ Թուրքիայի ներգրավվածության աստիճանի վերաբերյալ: Այս հանգամանքը կարող է օգտագործվել մեր լոբբիստների կողմից բացառապես քարոզչական նպատակներով, քանի որ ընդունված օրենքը որևէ պատժիչ գործառույթ չի պարունակում",-ընդգծել է փորձագետը։
Մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արտահայտած աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին' Սարգսյանն ընդգծել է, որ այդ գործընթացի միջոցով Վաշինգտոնը, ըստ ամենայնի, ձգտում է նվազեցնել ռուսական ազդեցության աստիճանը Հարավային Կովկասում: Այս լույսի ներքո նա հիշեցրել է, որ սկսած Բուշ-ավագից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միշտ եղել Է Վաշինգտոնի առաջնահերթությունների թվում, որը փորձում էր անել հնարավորը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները բացելու նպատակով:
ԱՄՆ-ի այս գլոբալ մոտեցումը՝ Ռուսաստանի ազդեցությունն առավելագույն նվազեցնելու եւ ԱՄՆ-ի ներգրավվածությունն ավելացնելու նպատակով, այն ժամանակից ի վեր, նրա կարծիքով, գործնականում, չի փոխվել: Ըստ այդմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ԱՄՆ-ի կողմից շարունակում է դիտարկվել Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կրճատման տեսանկյունից։
"Թուրքերն, իրենց հերթին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով ցանկանում են կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ եւ, իհարկե, փակել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Անկարան նաեւ օգտագործում է հարաբերությունների կարգավորման գործընթացը ԱՄՆ Կոնգրեսում հակաթուրքական բանաձեւերի արգելափակման համար։ Նախագծեր, որոնք, ինչպես հայտնի է, Կոնգրեսում քիչ չեն։ Իսկ ինչ վերաբերում է այս ամենում Հայաստանի շահերին, ապա, նախ, պետք է հասկանանք, թե ինչ պայմաններ, ավելի ճիշտ ՝ նախապայմաններ է դնում Թուրքիան մեր առջեւ։ Եթե սա կրկին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն է, Արցախից հրաժարվելը, ապա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նման գործընթացում ես Հայաստանի շահ, առանձնապես, չեմ տեսնում", - ամփոփել է ամերիկագետը ։