Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներս: Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել Է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ: "Ելնում ենք այն բանից, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս։ Այս բարձրագույն մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին որևէ անհաղթահարելի խոչընդոտ չենք տեսնում", - ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից մայիսին հանդես է եկել որպես միջնորդ ՝ առաջարկելով իր օգնությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համապատասխան բանակցային գործընթացի գործարկման հարցում: "Նշեմ, որ միջադեպերն ուղղակի կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ", - ընդգծել է նա։