Արմինֆո.Հրաժարվելով դատապարտել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը՝ Անկարան սպառնալիք է ստեղծում ապագայում դրա կրկնության հեռանկարների առումով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
"Վերջինս արդեն Հայաստանի համար անվտանգության սպառնալիք է ստեղծում։ Եվ ես կարծում եմ, որ Երևանն այդ ուղղությամբ պետք է լրջորեն աշխատի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ ցեղասպանության փաստը ճանաչած երկրների հետ։ Մենք պետք է որպես էական զիջում ներկայացնենք բանակցությունները մի երկրի հետ, որը հրաժարվում է դատապարտել ծանրագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Դա մեզ որոշակի լծակներ կտա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փաստացի մեկնարկած չորրորդ փորձում", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների Մոսկվայում նախապատրաստվող առաջին հանդիպման մասին Հայաստանի ԱԳՆ տարածած տեղեկատվությունը՝ ակադեմիկոսը ենթադրել է, որ Մոսկվայի ընտրությունը խորհրդանշական կլինի, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում բանակցային գործընթացի մեկնարկին:
Մեկնաբանելով հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի հաջողության հնարավորությունները՝ Սաֆրաստյանը հիշեցրել է, որ նախորդ երեք փորձերից երկուսը, փաստորեն, համակարգվում էին Վաշինգտոնից, սակայն, անհաջողությամբ են ավարտվել: Թուրքագետը հաջողության մեծ շանսեր չի տեսնում նաև չորրորդ փորձի պարագայում։ Հատկապես , հաշվի առնելով Հայաստանին նախապայմաններ առաջադրելու թուրքական շարունակական քաղաքականությունը՝ այն ֆոնին, երբ Երեւանն իր կողմից հայտարարել է առանց որեւէ նախապայմանի գործընթաց սկսելու մասին։
Սաֆրաստյանը, միեւնույն ժամանակ, կարեւոր գործոն է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի արդեն ամենաբարձր մակարդակով արտահայտված շահագրգռվածությունը: Նրա կարծիքով, դա խոսում է Երեւանի եւ Անկարայի միջեւ բանակցությունների չորրորդ փուլի մեկնարկի ուղղությամբ նրանց փոխադարձ ջանքերի մասին։ Վերջինս, ըստ թուրքագետի, զգալիորեն պայմանավորում է Հայաստանի հետ բանակցությունների նկատմամբ թուրքական հետաքրքրության ձևավորումը։
"Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի համար չորրորդ փուլը բավական կարևոր է։ Հենց այդ պատճառով էլ Անկարան նախաձեռնություն է ցուցաբերում այդ ուղղությամբ։ Թուրքերի համար կարեւոր է ուժի կենտրոններին ցուցադրել սեփական շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ինչևէ, դա նրանց բոլորովին չի խանգարի բանակցությունների սկզբնական փուլում Հայաստանի առջև հերթական նախապայմանը դնել "Զանգեզուրի միջանցքի" տեսքով, ինչի մասին բազմիցս հայտարարել են թուրքական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, ամփոփել է ակադեմիկոսը։