Արմինֆո.Մի քանի հարյուր հադրութցիներ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Լեռնային Ղարաբաղի փախստականները խնդրում են բավարարել գոնե իրենց տարրական հրատապ կարիքները։
Հադրութցի փախստական Արթուր Ստեփանյանը պատմել է, որ պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստներն իրենց տարրական կարիքները չեն բավարարում։ Նա նշել է պետական կառույցներում այսօր Հայաստանի տարածքում գտնվող փախստականների թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայությունը, փախստականների կարիքների համար հատկացվող միջոցների ոչ նպատակային օգտագործումը: "Մենք խնդրում ենք, որպեսզի մեզ գոնե միջոցներ վճարեն բնակարան վարձելու համար, մեր մնացած խնդիրները մենք ինքներս կլուծենք, մենք աշխատում ենք և մի կտոր հացի փող վաստակում ենք", - նշել է Ստեփանյանը, հավելելով, որ եթե պետությունը չաջակցի, իրենք, պարզապես, փողոցում կհայտնվեն: Նա հավելել է, որ Արցախի իշխանությունները վստահեցնում են, որ իրենց համար տներ են կառուցվում, որոնք պատրաստ կլինեն 2025 թվականին՝ եթե ֆինանսավորում լինի։
Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրում են իրենց վերադարձնել Հադրութ՝ անվտանգության միջազգային երաշխիքներով: Նրանք նաեւ վրդովված են, որ իշխանությունները, նույնիսկ, չեն տրամադրում փաստաթղթեր, որոնք վկայեն իրենց փախստականի կարգավիճակը: Ցուցարարներն իրենց պահանջները ներառող նամակ են հանձնել ՀՀ կառավարությանը։
Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի ՄԱԿ հայաստանյան գրասենյակ: Շնորհավորելով գրասենյակի աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ՝ ցուցարարները նամակ են հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ։ Նամակում նշվում է, որ, չնայած այն հանգամանքին, որ արդեն մեկ տարի է անցել 2020 թվականի աշնան տխուր իրադարձություններից հետո, իրենց խնդիրները մնում են չլուծված. իրենց ոչ մի կարգավիճակ չի տրվում, բազմաթիվ հումանիտար խնդիրներ են առաջացել, որոնք, կարելի է ասել, չեն լուծվում:
Ցուցարարները պահանջում են իրենց վերադարձնել նախկին բնակավայրեր, այսինքն, Հադրութ, Արցախի անկախության միջազգային ճանաչում, տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ միջազգային խաղաղապահների տեղակայման միջոցով։ Նշվում է, որ եթե Հադրութ իրենց վերադարձի գործընթացը ուշացած լինի, ապա խնդրում են իրենց ապահովել բնակարաններով Լեռնային Ղարաբաղում, իսկ հիմա միջոցներ տրամադրել սոցիալական հարցերը լուծելու համար: Ցուցարարները ՄԱԿ-ից աջակցություն են խնդրել այդ հարցում։ Երթն ավարտվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ ցուցարարները նույն պահանջներն են հնչեցրել։