Արմինֆո. Ձյան առատ տեղումների եւ ձնահոսքի վտանգի պատճառով Ռուսաստանի հետ սահմանին "Կազբեգի" մաքսային անցակետը արտակարգ ռեժիմով է աշխատում, հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Դեկտեմբերի 27 - ից "Կազբեգի" անցակետով բաց են թողնվում տրանսպորտի բոլոր տեսակները։ Գերատեսչության տվյալներով, արտակարգ ռեժիմով է աշխատում նաեւ Թուրքիայի հետ սահմանին գտնվող "Սարպի" մաքսակետը: Հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային բեռնափոխադրումների տարեկան ծավալը զգալիորեն աճել է, Վրաստանի բոլոր մաքսակետերն աշխատում են ողջ հզորությամբ:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։