Արմինֆո. Այսօր ես կարող եմ համոզվածությամբ պնդել, որ ԽՍՀՄ ֆորմատի վերստեղծումն անհնար է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
"Ամենայն հավանականությամբ, դա հիանալի գիտակցում է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը։ Եվ, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չի խոչընդոտում ԽՍՀՄ 2.0 ոգով գաղափարների տարածմանը: Չի բացառվում, որ այդ ամենն արվում է հետխորհրդային որոշ պետություններում որոշակի տրամադրություններ սերմանելու նպատակով։ ԽՍՀՄ ռեինկարնացիայի գաղափարը կարող է կյանքի կոչվել, թերեւս, միայն ՌԴ-ի եւ Բելառուսի միավորման գործընթացի խթանման տեսքով", - ընդգծել է նա:
Հենց Ռուսաստանում դիվանագետը Խորհրդային Միության ռեինկարնացիայի գաղափարի վերաբերյալ երկակի մոտեցում է տեսնում։ Այսպես, մի կողմից, Վլադիմիր Պուտինը շարունակում է պնդել, որ անցյալին վերադառնալու նման նպատակ Մոսկվան երբեք չի դրել և չի դնում։ Բայց, մյուս կողմից, ռուսական ԶԼՄ-ներում անզեն աչքով երևում է ինչ-որ կարոտախտի գիծ և ԽՍՀՄ շրջանակներում ընդհանուր անցյալի բավական ակտիվ քարոզչություն։
Այս ֆոնին՝ Մելիքյանը երկու-երեք տարվա կտրվածքով կանխատեսում է Ադրբեջանում սեփական ազդեցությունն ավելացնելու ուղղությամբ Մոսկվայի ջանքեր։ Հայաստանում տնտեսական ներկայության ընթացիկ մակարդակի պահպանմանը զուգահեռ։ Նա նաև չի բացառել Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատումը՝ ի նպաստ Արցախում դրա ընդլայնման։ Դիվանագետի կանխատեսմամբ՝ նման հեռանկարները պայմանավորված են Հարավային Կովկասի թեւակոխմամբ հերթական տուրբուլենտության, անկայունության և ապագա փոփոխությունների ժամանակաշրջան։ Վերջինը, նրա կարծիքով, կտևի, առնվազն, 10 տարի։
"Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական տրեկերում դիտվող վերջին զարգացումների համատեքստում ես կնշեի Մոսկվայի և Անկարայի երկարաժամկետ շահերի համընկնումը։ Կարծում եմ, որ Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի փոխգործակցության հիմնական տրամաբանությունը ենթակա կլինի այդ համընկնմանը։ Ընդ որում, Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն դիմակայությունն Ուկրաինայի գծով։ Ինչը բնավ չի խանգարի նրանց հիանալի համագործակցել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում", - կանխատեսում է Մելիքյանը։