Արմինֆո."3+3" տխրահռչակ ձևաչափին Վրաստանի մասնակցության հարցում բացարձակապես ոչինչ բացառել պետք չէ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել GSAC ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Գելա Վասաձեն։
"Ընդ որում, ես միանգամայն համոզված եմ, որ Վրաստանի մասնակցությունը "3+3"-ին հակասում է նրա ազգային շահերին ։ Իհարկե, "3+3" ձևաչափով Թուրքիայում նախատեսվող հերթական հանդիպմանը Վրաստանի մասնակցության վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Թբիլիսիի ուղղությամբ քաղաքավարության ժեստ։ Բայց, ամեն դեպքում, Վրաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ չէ մասնակցել այդ ձեւաչափին", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո վրացի քաղաքագետը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ "3+2" փաստացի ձեւաչափով առաջին հանդիպման ժամանակ Վրաստանի դրոշի ի հայտ գալը համարում է Վրաստանի ԱԳՆ աշխատանքում բացթողումների արդյունք: Նրա գնահատականներով, Թբիլիսիում կարող էին խուսափել նման իրավիճակի առաջացումից եւ կանխել վրացական դրոշի ի հայտ գալը մի միջոցառման ժամանակ, որտեղ Վրաստանը, փաստացի, բացակայում էր:
Մոսկվայում "3+3" հարթակի շրջանակում հանդիպմանը մասնակցությունից հրաժարվելուց հետո Վրաստանը դեկտեմբերի 22-ին առաջարկել է իր այլընտրանքը "Խաղաղ հարեւանության" ձեւաչափի տեսքով: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ նախաձեռնության նպատակը երկխոսության զարգացումն է, հարեւանների միջեւ վստահության վերականգնումը եւ Վրաստանի դերի ամրապնդումը ՝ որպես երկխոսության միջնորդի: "Ես ունեմ բոլոր ռեսուրսները նման երկխոսություն սկսելու համար, շատ լավ, բարեկամական հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։ Ինչպես գիտեք, մեկ տարվա ընթացքում ես չորս պաշտոնական հանդիպում եմ ունեցել նրանց հետ։ Վրաստանը հարեւաններին առաջարկում է ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային հարթակի ստեղծում, որին կմասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը", - ընդգծել է Ղարիբաշվիլին:
Այս համատեքստում Վասաձեն կարեւորել է Վրաստան կատարած վերջին այցի շրջանակում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տարածաշրջանային նախագծերը զարգացնելու կողմերի պատրաստակամությունը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն աջակցելու Վրաստանի պատրաստակամությունը։