Արմինֆո.Կարծում եմ՝ Թուրքիայի հետ ընթացիկ հարաբերություններում Հայաստանն, ավելի լավ կլինի, դադար վերցնի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Կասկածից վեր է, որ հարևանների հետ խնդիրները պետք է լուծել։ Բայց տվյալ կոնկրետ դեպքում Հայաստանի համար իրավիճակը բարդանում է նրա հակառակորդների՝ Թուրքիայի և Ադրբեջանի միասնական տեսանկյւոնի, միահամուռ դիրքորոշման առկայությամբ։ Մինչդեռ, Հայաստանն այսօր ամենեւին այն վիճակում չէ, որը կարող է մեզ թույլ տալ թուրքերի հետ հավասար բանակցություններ վարել եւ պաշտպանել մեր շահերը։ Եվ եթե "ֆուտբոլային" դիվանագիտության ընթացքում Երևանը կարող էր "ոչ" ասել և դրանով վերջակետ դնել, ապա այսօր Հայաստանն այդ հնարավորությունից զրկված է", - նշել է նա։
Նման պայմաններում Թուրքիայի հետ գործընթացում Հայաստանի հաջողության շանսերը, քաղաքագետի կարծիքով, կախված են այն բանից, թե ինչպես կընթանա աշխարհաքաղաքական խաղը, քանի որ Երևանն ի վիճակի չէ ապավինել սեփական ուժերին։ Ինչը 44-օրյա պատերազմում կրած պարտության ածանցյալ արդյունք է։ Ինչպես եւ, ըստ էության, այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում ինչպես Հայաստանի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ։
Երեւանն ու Անկարան հայտարարել են հարաբերությունների կարգավորման հասնելու շուրջ բանակցությունների մասին: Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության 31-ամյա անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Թուրքիան ներկայացնելու է 63-ամյա թուրք դիվանագետ, Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սերդար Քըլըչը։
Մեկնաբանելով Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների ներկա մակարդակը' Իսկանդարյանը նկատել է, որ պատերազմի միջոցով իր խնդիրները լուծել Բաքվին չի հաջողվել, իսկ Արցախի հարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգի մաս: Ընդ որում, անմիջականորեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ խնդիրների լուծումը, նրա կարծիքով, անհրաժեշտ է բոլորին, այդ թվում ՝ Ռուսաստանին, որը ստիպված զբաղվում է դրանով։
"Եւ, անշուշտ, նաեւ հաղորդակցությունների հարցը: Մոսկվան ձգտում է դրանք ապաշրջափակել եւ դրանով իսկ տնտեսական կապերի հաստատման միջոցով թուլացնել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ընդ որում, դա բացարձակապես պետք չէ ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին։ Այս ողջ գործընթացում նրանց անհրաժեշտ է միայն մի ճանապարհ Սյունիքի տարածքով, որը չպետք է վերահսկվի Երևանի կողմից։ "Զանգեզուրի միջանցքը" հեռու է տնտեսությունից, դա զուտ աշխարհաքաղաքական նախագիծ է։ Եվ մենք շատ լավ տեսնում ենք, որ այսօր էլ Ադրբեջանը ոչ թե բացում, այլ փակում է ճանապարհները՝ Հայաստանի նկատմամբ ավելի մեծ ճնշում գործադրելու նպատակով", - ամփոփել է Իսկանդարյանը։