Արմինֆո.Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման փաստը պետք է գնահատել դրական, հաշվի առնելով ուժի կիրառումից կողմերի հրաժարվելու անհրաժեշտության հարցը, որը, անկասկած, նրանց առջև բարձրացվել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
"Կարծում եմ, որ բանակցությունների այն կետը, որի համաձայն, ԵՄ-ն կողմերին առաջարկում է իրենց բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի կիրառման, ինքնըստինքյան բխում է մեր շահերից ։ Եվ, իմ կարծիքով, Շառլ Միշելի մոտ գնալիս Իլհամ Ալիևը հիանալի գիտակցում էր, որ խոսք է գնում բավական բարձր մակարդակի լուրջ բանակցությունների մասին։ Բանակցություններ, որոնց արդյունքներից նրան չի հաջողվի խույս տալ։ Քանի որ, հակառակ դեպքում, նա անմիջապես կհայտնվի պատժամիջոցների տակ", - նկատել է նա։
Ըստ քաղաքագետի, որքան էլ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացում Ռուսաստանի մենաշնորհային դերի մասին, որքան էլ նա հղում անի ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ քարտեզներին, բոլորը շատ լավ հասկանում են, որ այդ ամենը հեռու է ճշմարտությունից: Միևնույն ժամանակ, Մոսկվան բոլորովին դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանը, Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, քանի որ գիտակցում է Արևմուտքի հետ բոլոր հնարավոր ուղղություններով "պատերազմելու" անհնարինությունը։
Հետեւաբար, ըստ Գրիգորյանի, անհրաժեշտություն է առաջանում, ընդհանուր առմամբ, բավական արդյունավետ երկխոսություն վարել ՌԴ-ի եւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ՝ գոնե Հարավային Կովկասի շուրջ: Եվ նա չի կարծում, թե Մոսկվան այսօր պատրաստ է հրաժարվել այդ հնարավորությունից։ Եվ, նույնիսկ, Մոսկվայի հակազդեցության դեպքում Ալիևը, քաղաքագետի կարծիքով, պարզապես, չի կարող հրաժարվել սահմանների որոշման հարցում տեխնիկական աջակցության եվրոպական առաջարկներից։
"Խաղի միջազգային կանոնների դեմ հանդես գալը միշտ և ամենուրեք չափազանց դժվար է։ Եվ նույնիսկ Ռուսաստանը չի կարող անընդհատ դա անել։ Մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման հարցերում։ Մինչդեռ, ադրբեջանական ռեժիմը խիստ զգուշանում է իր նկատմամբ միջազգային պատժամիջոցներից և այդ առումով ԵՄ-ի դեմ գնալ չի հանդգնի։ Այս առումով Բրյուսելը լավ մեխանիզմ է դարձել ալիևյան ախորժակը և ագրեսիա ազդակները զսպելու համար, ինչն, ինքնին, արդեն դրական գործոն է Հայաստանի համար", - ամփոփել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը՝ ի դեմս ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ շփումների շարունակումը: Զախարովան նաեւ նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ դեկտեմբերի 14-ին բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումներում: