Արմինֆո.Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած "3+3" ձևաչափով առաջին պաշտոնական հանդիպման տերը հեշտությամբ "վերացրեց" այդ գործողությանը մասնակցելուց Վրաստանի հրաժարվելուն առնչվող անհարմարությունները՝ երկրի դրոշը դնելով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի դրոշների կողքին:
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների դոկտոր, կոնֆլիկտաբան Ամիրան Խևցուրիանին։
"Զուտ պրագմատիկ տեսանկյունից այդ իրադարձությունը կարելի է դասել զավեշտալի դեպքերի շարքին։ Բովանդակությունից զուրկ չէր նաև դրա ընկալումը հումորի առումով։ Սակայն, ես կցանկանայի ընդգծել, որ Վրաստանի համար բնավ կատակ չէ, երբ խոսքը վերաբերում է Կրեմլի մտադրություններին ու ծրագրերին։ Այս առնչությամբ օրինաչափ հարց է ծագում. ի՞նչ մեսիջ է ստացել պաշտոնական Թբիլիսին Մոսկվայից, և ի՞նչ է նրան սպասվում առաջիկայում։ Ըստ իս, այս գործողությամբ Մոսկվան եւս մեկ անգամ ցույց տվեց իր վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ, զուգահեռաբար միջազգային հանրությանը ցույց տալով, որ "3+3"-ին միանալուց Թբիլիսիի հրաժարվելը նրա համար, ընդամենը, անիմաստ խոսակցություն է։ Եվ վաղ թե ուշ Ռուսաստանը կստիպի Վրաստանին միանալ այդ ձեւաչափին", - ընդգծել է նա։
Խևցուրիանին այս իրավիճակի առանցքային պահ է համարում տարածաշրջանային գործընթացների ծավալումն առանց Արևմուտքի ակտիվ մասնակցության, ինչը կտրականապես անընդունելի է Վրաստանի ազգային շահերի համար։ Եվ, առավել ևս, միանգամայն անհասկանալի է, թե ինչ պատճառներով Վրաստանը իր արևմտամետ ձգտումներով պետք է միանա երեք ոչ ժողովրդավարական պետությունների հովանու ներքո ստեղծված դաշինքին։ Հատկապես, այս պարագայում իր արևմտամետ ապագային սպառնացող վտանգի պայմաններում, և, հատկապես, այն պայմաններում, երբ "3+3"-ի նախաձեռնողներից մեկը նախկինի պես զբաղեցնում է վրացական տարածքի 20%-ը։
"3+3"-ի շուրջ ստեղծված իրավիճակը պրոֆեսորը գնահատում է որպես հերթական, լուրջ մարտահրավեր Վրաստանի կառավարության համար, մարտահրավեր, որը կարող է ճակատագրական դառնալ նրա համար, քանի որ հարցը բացառապես աշխարհաքաղաքական է և վտանգում է երկրի հռչակած արտաքին քաղաքական գիծը։ Նա նաեւ Վրաստանի արեւմտյան գործընկերների կողմից հզոր աջակցությունը միանշանակ անհրաժեշտություն է համարել։ Ինչը, Խևցուրիանիի կարծիքվ, պետք է արտացոլում գտնի կոնկրետ քայլերում, քանի որ Վրաստանը մնում է տարածաշրջանի միակ երկիրը, որը դեռևս հստակ հայտարարում է Արևմտյան ուղեգծին իր հավատարմության մասին։
"Իհարկե, այս փուլում դժվար է կանխատեսել, թե որքան արդյունավետ կլինի Արևմուտքը, ինչպես նաև այն, թե որքան ժամանակ Վրաստանը կկարողանա դիմակայել Մոսկվայի կողմից հզոր ճնշմանը։ Այսօր պարզ է մեկ բան. Վրաստանի հնարավորությունները նույնպես անսահման չեն, և մի գեղեցիկ պահի նա կարող է, պարզապես, չդիմանալ ճնշումներին և հանձնվել, ինչի նշանները, ցավոք, արդեն երևում են։ Եվ, իհարկե, խոսելով "3 + 3" ձևաչափի մասին, ես չեմ կարող չանդրադառնալ նաև Հայաստանի թեմային, որի ճակատագիրը մեզ համար պակաս կարևոր չէ։ Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանը կշահի այդ ձեւաչափին մասնակցելուց։ Եվ, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ "3+3"-ում Հայաստանը "Կովկասի գերուհու" տպավորություն է թողնում", - ամփոփել է Խևցուրիանին։