Արմինֆո.Հայաստանը շարունակում է մնալ Թուրքիան "մեծ Թուրանից" բաժանող պատը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
"Թուրքիան առանձին ռազմատեխնիկական պայմանագրեր է ստորագրում բոլոր թյուրքալեզու պետությունների հետ, այդ թվում՝ այդ երկրներին Թուրքիայում արտադրված սպառազինության մատակարարումներ նախատեսող։ Սա «մեծ Թուրանի» եւ դրա բանակի ձեւավորմանը նպատակաուղղված Ռեջեփ Էրդողանի ճանապարհն է, քաղաքականությունը, գաղափարախոսությունը, որի մասին այսօր Թուրքիայում խոսում են միանգամայն բացահայտ: Կարծում եմ, որ տարիների ընթացքում պանթյուրքական այդ հայեցակարգը կյանքի կկոչվի", - նշել է նա։
Այս լույսի ներքո թուրքագետը հիշեցրել է, թե ինչպես դեռ 20-րդ դարասկզբին Մուստաֆա Քեմալը Հայաստանը համեմատել էր Թուրքիան մյուս թյուրքալեզու ժողովուրդներից բաժանող պատի հետ։ Պատի, որն անհրաժեշտ է քանդել, որպեսզի Թուրքիան կարողանա ազատ հաղորդակցվել եղբայրական կովկասյան թուրքերի հետ. գործընթաց, որն, ըստ Սաֆրաստյանի, այսօր տեղի է ունենում թուրքական համապատասխան քաղաքականության տեսքով։ Այդ լույսի ներքո նա անցյալ տարվա 44-օրյա պատերազմը դիտարկում է որպես ադրբեջանաթուրքական համատեղ ռազմարշավ։
Թուրքագետն այդ պատերազմը դիտարկում է որպես ոչ միայն Արցախի դեմ, այլև Հայաստանի թուլացմանն ուղղված։ Դրանից հետո Բաքուն Անկարայի աջակցությամբ բացահայտ ագրեսիայի փուլից անցել է սողացող ագրեսիայի ՝ ձգտելով էլ ավելի թուլացնել հայկական պետականությունը և մեկուսացնել Հայաստանը։ Այդ նպատակը, նրա գնահատմամբ, բոլորովին նոր չէ։ Եվ այսօր ձեռք է բերել լրացուցիչ ուղղություն՝ Հայաստանից միջանցք ստանալու պահանջի տեսքով, որի վրա չտարածվի Երևանի իրավազորությունը։
"Բայց և միջանցքի հետեւում, և միջանցքի պատրվակի տակ ավելի հեռուն գնացող նպատակներ են դրված, մասնավորապես, ողջ Սյունիքի սեցեսիան։ Այս լույսի ներքո Ադրբեջանը, իմ կարծիքով, իրականում շահագրգռված չէ Հայաստանի հետ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացով, քանի որ այսօրվա սահմանները թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից դիտարկվում են որպես ժամանակավոր։ Վերջնական երկարաժամկետ նպատակը Ադրբեջանի լիակատար միացումն է Նախիջևանի հետ։ Եվ եթե ռուս զինվորականները դուրս բերվեն Արցախից, ինչպես պարբերաբար պահանջում են Բաքվում, դա անմիջապես լրացուցիչ ագրեսիվություն կհաղորդի Թուրքիային ու Ադրբեջանին", - ամփոփել է ակադեմիկոսը։