


Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան' հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ եւ քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը:
Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, Հայաստան աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում է Զասի հանդիպումը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան (2021 թ.) նստաշրջանի որոշումների իրականացման և Հայաստանի նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության գերակա ուղղությունների կատարման միջոցառումների ծրագրի նախագիծը:
Սպասվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:


