Արմինֆո. Միացյալ Նահանգները ողջունում է Եվրամիության միջնորդությամբ 10 հայ զինվորականների ազատ արձակումը։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ հրապարակելով ռազմագերիներին վերադարձնելու մասին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառումը։
"Մենք համառորեն կոչ ենք անում ամբողջպես եւ շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր գերիներին, փոխանակել աճյունները եւ հաշվառել անհետ կորածներին։ Մենք կարեւորում ենք ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան", - հավելել է Փրայսը։
Նախօրեին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաղորդել էր, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 հայ զինվորականներ հայրենիք են վերադարձել ադրբեջանական գերությունից: Ըստ հաղորդումների, վերադարձած զինծառայողները գերեվարվել էին նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում: Հատկանշական է նաև, որ երեկ հայտնի դարձավ, որ հայկական կողմը գերեվարել է ադրբեջանցի երկու զինծառայողների ։ Ըստ ԶԼՄ-ների ՝ գերեվարվածներից մեկը սպա է ։ ՀՀ ՊՆ-ում և Ադրբեջանի ՊՆ-ում ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը, մինչդեռ, ԶԼՄ-ներում արդեն հրապարակվել են գերեվարված ադրբեջանցի զինծառայողներին պատկերող կադրեր: