Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ուղիղ կապի ապահովումն առաջնային խնդիր է՝ անկախ կողմերի հանդիպման ձեւաչափից, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ջեյմս Ուորլիքը:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել, եւ առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին, "Ամերիկայի Ձայն"-ին տված հարցազրույցում հայրարարել է Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով, կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել. այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս Ադրբեջանից Հայաստան ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը: "Ղարաբաղյան խնդրի առավել կարեւոր հարցը սակայն Ղարաբաղի կարգավիճակն է, եւ կարծում եմ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարեւոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն, հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն եւ Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք", - ասել է նա:
Ուորլիքի խոսքով, միջազգային հանրությունը պետք է հետ քայլ կատարի՝փորձելով կարգավորել Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մինսկի խմբի օգնությամբ, չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցն այլեւս լուծված է պատերազմով:
Ջեյսմ Ուորլիքը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը սերտ կապեր եւ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ "մենք հետաքրքրված ենք Հայաստանի լավ ապագայով": Շահեր ունի Վաշինգտոնը նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմական գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին: "Ուստի, մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա` դա խաղաղ գործընթացի ստեղծումն է եւ առկա խնդիրների իրական կարգավորումը: Դա տեւական գործընթաց է լինելու եւ մենք դա գիտակցում ենք, սակայն, դա միակ ճանապարհն է: Այստեղ որեւէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու", ընդգծել է Ուորլիքը:
Մեկնաբանելով Փաշինյան-Ալիեւ հանդիպումները՝ նա կարեւոր է համարել, որ կողմերը դեմ առ դեմ հանդիպեն, իսկ թե ինչ ձեւաչափով՝ երկրորդական հարց է: "Մենք գիտենք, թե ինչպես են ընթանում այդ հանդիպումները: Դրանք եզակի դեպքերում են միայն բեկումնային լինում: Սակայն, մեր հույսն այն է, որ առաջնորդների միջեւ ուղղակի երկխոսություն տեղի ունենա, որ նրանք ուղղակի միմյանց հետ անհամաձայնությունները քննարկեն, միմյանց հետ ուղիղ խոսեն: Մենք չենք ցանկանում մի իրավիճակ տեսնել, երբ միակ կապը զինված բախումներն են", - նշել է ամերիկացի նախկին համանախագահը: Նա
հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից առաջ կապն առաջնորդների միջեւ բացարձակապես կտրվել էր: