Արմինֆո.Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու ուղղությամբ ոչ մեծ քայլերով ընթանալու ԵՄ մտադրությունների մասին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
"Երկաթուղային հաղորդակցություն բացելու կողմերի մտադրությունը, որն ամրագրված է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունում, այդ մոտեցման մի մասն է, ինչի մասին ես, ի դեպ, խոսել եմ վերջին ողջ շրջանում։ Իսկ ինչ վերաբերում է դիմակայության հիմնական հարցին՝ Արցախի կարգավիճակի որոշմանը, ապա աայդ մասին այսօր որևէ ոք լուծում չունի։ Եվ, ամենայն հավանականությամբ, Արցախը դեռ շատ երկար կմնա չճանաչված կազմավորում՝ թուրքական Հյուսիսային Կիպրոսի օրինակով", - նշել է քաղաքական գործիչը։
Սարգսյանը Բրյուսելի հանդիպումը գնահատում է որպես Հարավային Կովկասից Արեւմուտքի հեռանալու հեռանկարների բացակայության վկայություն։ Եթե, իհարկե, Հայաստանը հանկարծ չորոշի մտնել ՌԴ-ի հետ առասպելական միութենական պետություն, ինչին այդպես է ձգտում խորհրդարանական ընդդիմությունը։ Նրա կարծիքով, հիանալի գիտակցելով դեպի Արևմուտք Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների շրջադարձի հեռանկարի անշրջելիությունը, ՌԴ-ն այսօր Ադրբեջանի միջոցով ակտիվորեն ճնշում է գործադրում Երևանի նկատմամբ ՝ Հայաստանին փաստացի իր կազմ քշելու նպատակով։
Միանգամայն հասկանալի պատճառներով Թուրքիան, ըստ քաղաքական գործչի, դեմ է նման հեռանկարին, ինչը կարևոր նախադրյալ է Անկարայի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությունում միջնորդների բացակայության անհրաժեշտության համար։ Եվ շատ լավ հասկանալով Հայաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ վերջերս Էրդողանին հղած ԱՄՆ նախագահ Բայդենի կոչի պատճառները՝ Մոսկվան անմիջապես Երեւանից պահանջել է իրեն հրավիրել որպես միջնորդ՝ նաեւ հայ-թուրքական հարաբերություններում։
Այս ֆոնին Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Իլհամ Ալիեւի բրյուսելյան եւս մեկ հանդիպումը գնահատում է որպես հերթական հարված Ադրբեջանը, իսկ հեռանկարում նաեւ Թուրքիան ԵԱՏՄ-ում եւ, նույնիսկ, ՀԱՊԿ-ում տեսնելու Մոսկվայի պատրանքային հույսերին։ Ելնելով եվրասիական հեռանկարներին համապատասխանող որևէ քաղաքական, տնտեսական, առավել ևս, էներգետիկ շահերի լիակատար բացակայությունից, ոչ Ադրբեջանը, ոչ էլ, առավել ևս, Թուրքիան, ըստ քաղաքական գործչի կանխատեսումների, երբեք չեն դառնա ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ։
"Եվ այն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դաշինքի գլխավոր քարտուղարի հետ չի հանդիպել, ցավոք սրտի, վկայում է ինքնիշխանության պակասի, ինքնուրույն որոշումներ կայացնելու առումով Հայաստանի ոտնահարման մասին։ Մինչդեռ, Հայաստանի համար ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը կնշանակի Թուրքիայի կողմից մեր երկրի անվտանգությանը և Արցախին սպառնալիքի կանխարգելում։ Այսինքն ՝ այն բանի, ինչ չի կարող կամ չի ուզում ապահովել մեր դաշնակից Ռուսաստանը", - ամփոփել է քաղաքական գործիչը։