Արմինֆո.Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները Երեւանին ընձեռում են Անկարայի հետ ուղղակի երկխոսության հնարավորություն, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, կնպաստի երկու երկրների միջեւ բավական յուրահատուկ, անձնական շահերի ձեւավորմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Երեւանն ու Անկարան հատոիկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը դրական է գնահատել Չավուշօղլուի հայտարարությունը' հաստատելով երկխոսության համար իր հատուկ ներկայացուցչին նշանակելու Հայաստանի մտադրությունը:
"Ես բնավ չեմ բացառում, որ հատուկ ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանի շահերն ուղղակի հակասության մեջ կմտնեն Թուրքիայի շահերի հետ։ Այդ դեպքում Անկարան ստիպված կլինի ընտրություն կատարել սեփական շահերի և "կրտսեր եղբոր" շահերի միջև։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հետ բանակցությունների համար Հայաստանն ունի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, ՌԴ-ի հետ եռակողմ ձևաչափը, և այդ լույսի ներքո՝ Երևանը բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունի այդ բանակցությունները վարել Անկարայի հետ բանակցությունների շրջանակներում", - նշել է նա։
Ըստ վերլուծաբանի, Թուրքիայի հետ առաջիկա բանակցություններում Հայաստանի համար գլխավոր ընթացիկ հարցը ոչ այնքան հատուկ ներկայացուցչի ընտրությունն է, որքան սեփական, հստակ ազգային օրակարգի ձևավորումը: Օրակարգ, որում Ադրբեջանը տեղ չպետք է ունենա։ Այս լույսի ներքո՝ Սաֆարյանը չի բացառել, որ Անկարան կփորձի բանակցությունները կապել Արցախի կարգավիճակի որոշման հարցի հետ՝ այդ հարցը վերջնականապես փակելու միջոցով։ Առաջին հերթին, այն պատճառով, որ Արցախի կարգավիճակի հարցի փակումը Բաքվի օրակարգն է, որն ինքնուրույն իրականացնել Ալիևն ի վիճակի չէ ։
"Կարևոր է նշել, որ "Զանգեզուրի միջանցքի" առաջին շահառուն, որի մասին ամեն անկյունում շեփորահարում է Ալիևը, իրականում, Ռեջեփ Էրդողանն է։ Համապատասխանաբար, այդ հարցը նույնպես անմիջապես կհայտնվի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների օրակարգում։ Եվ ահա այստեղ անհրաժեշտ է դրսևորել ճկունություն և այդ հարցը հանել հայ-թուրքական օրակարգից։ Եվ եթե Թուրքիան ներկայացնում է Ադրբեջանը, ապա պետք է հստակեցնել, թե ինչ որոշակի լիազորությունների շրջանակներում և ինչ հիմքով։ Նաեւ անհրաժեշտ է հասկացնել, որ եթե Անկարան ի վիճակի չէ սեփական շահերը տարանջատել Բաքվի շահերից, ապա հայ-թուրքական օրակարգ, պարզապես, գոյություն չունի", - նշել է վերլուծաբանը։
"Ամեն կասկածից վեր է, որ հենց նույն հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը նույնպես ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Բայց եթե Հայաստանն ի վիճակի չէ կառավարել այդ ռիսկերը, ապա, գուցե, ընդհանրապես, չարժե՞ փորձել դառնալ միջազգային հարաբերությունների մաս։ Եթե մենք չունենք համապատասխան ներուժ, ապա պետք է հստակ որոշում կայացվի գոյություն ունենալ մեկուսացման մեջ և չզարգանալ։ Բայց եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը նորմալ պետություն համարվի, ապա մենք, պարզապես, պարտավոր ենք հաշվարկել, կանխատեսել և դիմակայել այդ բոլոր ռիսկերին։ Այսքան տարի մենք Թուրքիայի համար փակ երկիր էինք, բայց մենք տեսնում ենք, որ դա չօգնեց չեզոքացնել Թուրքիայից բխող ռիսկերը։ Հետևաբար, անհրաժեշտ է հստակ ռազմավարություն՝ հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար", - ամփոփել է Սաֆարյանը։